Հոնկոնգի խորհրդարանի ընտրությունները մեկ տարով հետաձգել են կորոնավիրուսի պատճառով
Հոնկոնգի Օրենսդիր ժողովի՝ ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի միապալատ խորհրդարանի, ընտրությունները մեկ տարով հետաձգվելու են կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին հուլիսի 31-ին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմին: Քերի Լեմն ընդունել է, որ դա «ամենադժվարին որոշումն է», որն ինքն ընդունել է վերջին յոթ ամսվա ընթացքում, այսինքն՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր: Բացի այդ, Քերի Լեմը հայտնել է, որ իր որոշումը պաշտպանվել է Պեկինում, նշում է South China Morning Post-ը:
Սակայն այդ որոշումը քննադատել են Հոնկոնգի ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք հայտարարել են, թե տեղական իշխանությունները համավարակն օգտագործում են որպես պատրվակ, որպեսզի ժողովրդին խանգարեն իր կամքն արտահայտել քվեարկության ժամանակ: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի հուլիսի 31-ի տվյալներով՝ Հոնկոնգում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 3151 դեպք, 25 մարդ մահացել է: Հուլիսին ավելի վաղ Հոնկոնգում խստացվել են սահսմանափակիչ միջոցառումները COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, մասնավորապես, բոլոր բնակիչներին պարտադրել են տնից դուրս դիմակ կրել:
«Մենք գտնվում ենք կորոնավիրուսի խոշորամասշտաբ բռնկման եզրին, որը կարող է հանգեցնել մեր հիվանդանոցային համակարգի անկման եւ կյանքեր արժենալ, հատկապես տարեց մարդկանց»,-հուլիսի 29-ին հայտարարել է Քերի Լեմը: Հուլիսին Հոնկոնգում արձանագրվել է COVID-19-ի ներքին փոխանցման դադարեցում, սակայն վերջին ժամանակներս վիրուսը վերստին սկսել է տարածվել քաղաքում: Հուլիսի սկզբից ի վեր այստեղ ախտորոշվել է վարակման արդեն հազար դեպք, ինչը կազմում է Հոնկոնգում այս տարվա հունվարին համավարակի սկսվելուց ի վեր գրանցված բոլոր դեպքերի ավելի քան 40 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: