Այն կեղծ օտարերկրյա օրակարգերը, որոնք ներմուծվում են ՀՀ՝ հակապետական էլեմենտների կողմից, ուղիղ սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը. Արթուր Վանեցյան
«Մեր կուսակցությունը՝ իր գաղափարախոսությամբ, աջ կենտրոնամետ կուսակցություն է, ինչն իրենից ենթադրում է մեր ազգային ավանդույթների, մեր ազգային ինքնության և արժեքների պահպանումը: Այն, ինչ կատարվում է վերջին շրջանում կոնկրետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, ուղղակի, ճիշտ նշեցիք, ազգային անվտանգության սպառնալիք է, որովհետև ՀԱԵ-ն դարեր ի վեր եղել է հայապահպանության հիմնական կենտրոններից մեկը, և հայ ժողովուրդը և հայ ազգը պահպանվել է ՀԱԵ-ի շուրջ համախմբման արդյունքում՝ ամենադժվարին պահերին»,- Արտաշատում՝ «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման ժամանակ նշեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ի պատասխան ուղղված հարցադրման:
Ա. Վանեցյանը նաև ընդգծեց, որ Հայ Առաքելական եկեղեցին իր մեծ ավանդն է ունեցել մշակույթի, լեզվի և առհասարակ հայապահպանության գործում. «Այսօր այն կեղծ օրակարգերը, օտարերկրյա օրակարգերը, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ-ում գործող, հակապետական էլեմենտների կողմից, ուղիղ սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը:
Առաջին իսկ օրը, երբ հայտարարվեց նոր Սահմանադրության փոփոխությունների մասին, այդ իմ նշած հ/կ-ներից մեկի ներկայացուցիչը հենց առաջին օրն առաջին հարցը բարձրացրեց, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և մնացած կրոնական կազմակերպություններն իրենց իրավունքներով պետք է հավասարեցվեն, իսկ դուք շատ լավ գիտեք, որ ՀԱԵ-ն մեր գործող օրենքներով ունի բացառիկ դեր մեր երկրում:
Ես կարծում եմ, որ մեր եկեղեցու դերը պետք է լինի մշտապես շատ բարձր մեր պետության մեջ. մեր ժողովուրդը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, պարտավոր է շարունակել լինել ՀԱԵ սուրբ եկեղեցու հետևորդ, և մեզ համար այլ կրոնական հաստատությունների ներմուծումը մեր կյանք ուղիղ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: ՀԱԵ բացառիկությունը միշտ պետք է շեշտվի, և միշտ պետք է պետությունը կանգնած լինի եկեղեցու կողքին»:
Անդրադառնալով առհասարակ ազգային ավանդույթների պահպանության շուրջ մտահոգություններին՝ նա նշեց. «Այսօր քարոզչություն է իրականացվում ՀՀ-ում՝ ընդդեմ մեր ազգային արժեքների և ավանդույթների:
Մենք՝ այստեղ ներկա գտնվողներս՝ բոլորս, սովորական հայկական ընտանիքների ներկայացուցիչներ ենք, այդ հակապետական էլեմենտները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի, մշտապես թաքնված քարոզչություն են անում, թե իբր մեր հայկական ավանդույթները շատ վատն են, մեր հայկական ավանդույթներն ընդունելի չեն. ես ձեզ ասում եմ հակառակը՝ մեր ազգային ավանդույթները համամարդկային են, և մենք բոլորս ապրել և մեծացել ենք այդ ավանդական ընտանիքներում:
Որևիցե մեկի տանն իր կինը կամ մայրն այդ տան ստրուկը չեն, ինչպես ներկայացվում է որոշ շրջանակների կողմից, բայց սովորական բան է, երբ աշխատանքից գնում ես տուն, կինը սեղան է դնում՝ հրավիրում է ընթրելու, կամ՝ առավոտյան շորերդ արդուկում է, դնում է, որ հագնես՝ գնաս աշխատանքի: Մենք այդպես ենք ապրել, այդպես ենք մեծացել և շարունակում ենք այդպես ապրել:
Ինչո՞ւ է դա արվում, որովհետև ամուր պետության հիմքն ամուր ընտանիքն է, իսկ ամուր ընտանիքը՝ մեր բոլորիս հասկացությամբ, այն ավանդական ընտանիքն է, որը մենք գիտենք: Տղամարդ և կին միասնությունն է ավանդական ընտանիքը. ցանկացած այլ տիպի միություններ՝ արդեն բոլոր բարոյական օրենքներից զուրկ են, որովհետև մենք հին ազգ ենք, երկար տարիների ընթացքում ապրել և արարել ենք մեր հողում և պահել ենք մեր ազգային ինքնությունը»:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային ավանդույթները, արժեքները, մեր մշակույթը, կրոնը պահպանվեն, և մենք շարունակենք մնալ այն իսկական հայ ազգը, որը մենք բոլորս ուզում ենք լինել ու պատկերացնում ենք, որ էդպես պետք է լինի»,- եզրափակեց «Հայրենիք» կուսակցության նախագահը: