Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ
Հուլիսի 30-ի երեկոյան Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու եւ ցուցարարների, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվող 16 մարդ»,-հայտարարել է մամուլի ծառայությունը: Բողոքի ակցիան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրի մերձակայքում անցկացվել է հուլիսի 30-ի ուշ երեկոյան՝ Իններորդ ավայի պահքից հետո, որը սահմանվել էր ի հիշատակ Առաջին եւ Երկրորդ երուսաղեմյան տաճարների կործանման եւ հրեական ժողովրդի պատմության մեջ մի շարք այլ ողբերագական իրադարձությունների:
«Եդիոտ Ահրոնոտ» հրատարակության տեղեկատվության համաձայն, ակցիային մասնակցել է շուրջ երկու հազար մարդ: Բացի այդ, թերթը գրում է, որ ձերբակալվածների թվում եղել է ֆուտբոլային երկրպագուների La Familia խմբավորման առնվազն ութ անդամ, որոնք ծայրահեղ աջ հայացքներ ունեն եւ հանդես են գալիս բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:
Հուլիսի 28-ի երեկոյան հարձակում էր կատարվել Թել Ավիվում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Սեւազգեստ հարձակվողները քարեր, ապակե շշեր են նետել եւ արտասվաբեր գազ կիրառել, ինչի արդյունքում տուժել է հինգ մարդ:
Ինչպես հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը, «հարձակման եւ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է հանրահավաքի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվող մի քանի մարդ, հուլիսի 30-ի առավոտյան նրանց ազատ են արձակել՝ ենթարկելով տնային կալանքի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: