Արթուր Վանեցյանն ԱԱԾ-ում է. ՈւՂԻՂ

Այսօր առավոտյան ժամը 10-ին Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եկավ ԱԱԾ։ Երեկ նա ծանուցագիր էր ստացել ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն։ Լրագրողների հետ Ա.Վանեցյանը չխոսեց, խոստանալով  դուրս գալուց հետո խոսել։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու հանգամանքին, գրել էր, որ այս ամենը քաղաքական հետապնդում է։

«Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ԱԱԾ-ն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկտամամբ սկսել է քրեական հետապնդում։ Հաշվի առնելով մամուլից ստացվող բազմաթիվ հարցումները անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը. Փաշինյանի ձեռքերում հայտնված իրավապահ համակարգը վաղուց է ապացուցել, որ իր հիմնական գործառույթը դարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրահանգով քաղաքական հետապնդումների ենթարկելը։ Միանշանակ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Նախապատրաստելով շինծու և ծիծաղելի նյութեր՝ քաղաքականացված և այդպիսով կործանված իրավապահ համակարգը քաղաքական հետապնդման հերթական հանձնարարությունն է կատարում։ Ո՞րն է այս ամենի պատճառը։ Վստահ եմ, որ պատճառը «Հայրենիք» կուսակցության օրեցոր աճող հեղինակությունն է, մարդկանց մեծածավալ հոսքը, որը Նիկոլ Փաշինյանին, հասցնում են գիտակցության կորստի։ Մարզերում մեր իրականացրած արդյունավետ գործունեությունը՝ մարզային յուրաքանչյուր բացված գրասենյակ, մեր յուրաքանչյուր հաջողված և արդյունավետ այցը մարզեր, քաղաքական իշխանությանը հասցնում է հիստերիայի, որի հետևանքով էլ դիմում են սիրելի դարձած գործիքակազմին, քաղաքական բիրտ հետապնդումներին ու հալածանքներին։ Այս ամենը քաղաքական իշխանության կողմից «Հայրենիք» կուսակցությունը և դրա ղեկավար Արթուր Վանեցյանին վարկաբեկելու հերթական անհաջող փորձն է։

Նիկոլ Փաշինյանին հիշեցնում եմ, որ ցանկացած իշխանություն, որն ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացնում է այսպիսի քաղաքական հետապնդումներ, դատապարտված է պարտության։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են…»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր Արսեն Բաբայանը։

 

Տեսանյութեր

Լրահոս