Արևային ֆոտովոլտային կայաններ՝ Շողակաթում, Լճաշենում, Վարսերում, Մեծ Մասրիկում, Ծովինարում
Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Լճաշեն, Վարսեր, Մեծ Մասրիկ եւ Ծովինար համայնքներում կկառուցվեն արեւային ֆոտովոլտային կայաններ:
2020 թվականի ընթացքում արդեն սահմանված կարգով փոխվել են 110.4 հեկտար հողատարածքների նպատակային նշանակություններ՝ արեւային ֆոտովոլտային կայաններ կառուցելու համար: 27,6 հեկտար հողամասի նպատակային նշանակութուն փոխվել է Շողակաթում, 3,7 հեկտար՝ Լճաշենում, 32,7 հեկտար՝ Մեծ Մասրիկում, 5,8 հեկտար՝ Վարսերում, 40,6 հեկտար՝ Ծովինարում: Միաժամանակ տրվել են դրական եզրակացություններ՝ պետական սեփականություն հանդիսացող 436 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու համար:
Մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանի հավաստմամբ՝ վերոնշյալ համայնքներում արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերը կմեկնարկեն այս տարվա վերջերին կամ եկող տարվա սկզբներից:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի վստահեցմամբ՝ այս ոլորտում ներդրումների մեծ հոսքը սպասվում է մարզի էներգետիկ ենթակառուցվածների հզորացումից անմիջապես հետո: «Մարզի էներգետիկ ենթակառուցվածների հզորությունն այս պահին սահմանափակ է եւ այլընտրանքային էներգիայի արտադրության նախատեսվող ծավալները ընդհանուր ցանցին միացնելու եւ իրացնելու հնարավորություն չի տալիս: Էներգետիկ ենթակառուցվածքների հզորացումից հետո արդեն մենք ակնկալում ենք ավելի մեծ ներդրումներ եւ խոշոր ծրագրերի իրականացում այլընտրանքային էներգետիկայի արտադրության ոլորտում»,- իրավիճակը ներկայացրեց մարզպետը:
Խոսրով Խլղասթյան