
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ուսումնական տարածք է բացվել

Եղանակային պայմաններն այլևս չեն խանգարի փրկարարների գործնական պարապմունքներին։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունը տեխնիկայի պահպանման կայանատեղին վերակառուցել և կահավորել է որպես ուսումնական տարածք։
«Այն բացել է ԱԻ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համանախագահ Արկադի Բալյանը:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչների վերաապատրաստման դասընթացներ ինչպես ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում, այնպես էլ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա՝ տեղի և Ռուսաստանից հրավիրված մասնագետների կողմից։ Կենտրոնի ղեկավարությունը նախատեսում է փրկարարական վարժանքների համար ընդարձակ մարզահրապարակ կառուցել ՀՀ կառավարության աջակցությամբ:
Ռուսական կողմը պատրաստ է տրամադրել փրկարարների վերապատրաստման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու սարքավորումները։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների, մեխանիզմների զարգացումն ու հզորացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: