Ոստիկանները բերման են ենթարկում դիմորդներին ու ակցիայի մասնակիցներին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա են անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում հենց նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Դիմորդի ծնող, ակցիաների կազմակերպիչ Մասիս Բաբալյանը նշել է, որ իրենց հանդիպումները փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ որևէ օգուտ չեն տալիս, և այդ է պատճառը, որ նրանք ուզում են հանդիպել հենց նախարարի հետ:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը ծնողներին և ուսանողներին փոխանցեց, որ այս պահին կարող են առաջարկել հանդիպում միայն փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որից ակցիայի մասնակիցները հրաժարվեցին:
Պաստառներով դիմորդները, որոնք կանգնած էին նախարարության շենքից քիչ հեռու՝ արևի տակ, ցանկանում էին մոտենալ նախարարության շենքին և կանգնել ավելի հով վայրում:
Ոստիկանները նրանց առաջարկեցին գնալ մոտակա այգի, սակայն դիմորդները հրաժարվեցին՝ պնդելով, որ այգում որևէ մեկից պահանջելու բան չունեն:
Այս պահին իրավիճակը էլ ավելի է լարվել․ ծնողներն ու դիմորդները նստել են փողոցի մեջտեղում՝ պահելով սոցիալակն հեռավորությունը, սակայն ոստիկանները բռնի ուժ գործադրելով նրանց փորձում են հեռացնել տարածքից։ 2 անձ բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն։