«Շատ տնտեսվարողներ, օրենքներ խախտելով՝ խանութի պատերին փակցրել են, որ այս ընթացքում ապրանքի վերադարձ չեն անելու». Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության ժամանակ սպառողները ՀԿ-ին դիմել են ամենատարբեր բողոքներով։
«Մենք այստեղ ունեինք խնդիր, որ պետք է սահմանեինք հստակ չափորոշիչներ՝ ապրանք վերադարձնելու կամ փոխանցելու հետ կապված։ Արդյո՞ք արտակարգ դրության պայմաններում ապրանքի հետ վերադարձնելու հետ կապված որևէ բան փոխում ենք, թե՞ ոչ։ Շատ տնտեսվարողներ, օրենքներ խախտելով՝ իրենց խանութի պատերին փակցրել են, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այս ընթացքում ապրանքի վերադարձ չեն անելու։ Հիմնավորումն այն էր, որ կա առողջապահական բարձր ռիսկ, և դա լրացուցիչ շփում է։ Այդ տնտեսվարողներն ակնհայտ օրենք են խախտել, մենք այցելել ենք նրանց, բացատրել ենք, որ դրանով ոչ միայն օրենքն են խախտում, այլև ըստ էության անբարեխիղճ մրցակցություն են իրականացնում, որի դեպքում կարող են սանկցիաներ կիրառվել, քանի որ պայմաններ են սահմանում, որի իրավունքը չունեն»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։
Ըստ նրա, եթե մտնեն կամայական որևէ մոլ, ապա կտեսնեն, որ ծանրաբեռնվածությունն անհամեմատելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն՝ նախորդ տարիներին այցելուներն ավելի շատ էին լինում, և մեծ տոկոսով առևտուր էր լինում։
«Չպետք է խուսափել բոլոր տեսակի երկխոսություններից և ամենատարբեր խմբերի շահառուների երկխոսություններից, այսինքն՝ եթե մենք ունենք սպառողների շահեր, ունենք տնտեսվարողների շահեր ևս, որոշ դեպքերում պետությունն ուզի թե չուզի՝ պետք է բալանսավորի այդ շահերը։ Ամբողջ խնդիրն այդ բալանսավորման մեջ է, որ կան դեպքեր, որ չենք կարող այնպես անել, որ երկուսն էլ լինի»,- հավելեց նա։
Նա շեշտեց, որ այս հարցում պետք է իրավակարգավորում, որպեսզի տնտեսվարողներն ինքնագործունեության չգնան։
«Սպառողների շահերի պաշտպանությունից ելնելով՝ մենք չենք ասում, չէ՞, որ, օրինակ, կարող եք մեկ տարվա ընթացքում գնված ապրանքները վերադարձնել։ Մենք հենց այսօր ունենք գործարարներ, որոնք պատրաստ են գնված ապրանքը հետ վերցնել մեկ ամսվա ընթացքում։ Մեր օրենսդիր և գործադիր մարմինները որոշումներ կայացնելիս պետք է խելամիտ որոշում կայացնեն, և չպետք է լինի այնպես, որ մեկի իրավունքները ոտնահարի մյուսի իրավունքները»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։