
«Խնդրում ենք դադարեցնել այդ վիրավորական լուրերի տարածումը». սպանված գործարար Արմեն Սահակյանի ընտանիքի ու ընկերների հորդորը՝ լրատվամիջոցներին

Մի քանի օր է, հայաստանյան ու ամերիկյան մամուլի էջերում լուրեր են շրջանառվում վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած ու օրեր առաջ Լոս Անջելեսի իր տանը սպանված գործարար, «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատեր, «Մարկո Պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանի սպանության հնարավոր դրդապատճառների մասին:
Մամուլը գրել էր, որ Արմեն Սահակյանի տուն էին ներխուժել 2 մեքսիկացի վարձկան, որտեղ վարձկաններից մեկը կրակել և սպանել է ընտանիքի հորը: Ըստ Մամուլի՝ Սահակյանի կինը՝ Դիանան, արագ կողմնորոշվել և ամուսնու ատրճանակով կրակել և սպանել էր ամուսնուն սպանողին, ինչից հետո երկրորդ վարձկանն իր ատրճանակով կրակել էր կնոջ որովայնի հատվածին՝ այդպիսով ծանր վիրավորում հասցնելով վերջինին, և փախել դեպքի վայրից: Կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:
Հայաստանյան Freenews.am կայքը գրել էր, թե «պատվերը եղել է Երևանից, իսկ պատվիրատուն տարիներ առաջ կռվի ժամանակ Սահակյանի կողմից սպանված տղայի կինն է, նպատակը՝ վրեժխնդրություն: Ասում են, թե կինն ամուսնու հուղարկավորության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ երդվել է, որ սպանել է տալու Սահակյանին, այդ է պատճառը, որ շատերը հավատում են այդ վարկածին»:
Սահակյան ընտանիքն ու ընտանիքի ընկերներն այսօր դիմել են լրատվամիջոցներին, խնդրել չտարածել ապատեղեկատվություն, քանի որ այն կարող է վնասել ընտանիքին:
Հորդոր հայտարարությունում մասնավորապես նշված է.
«Արմեն Սահակյանի ընտանիքն ու ընկերները խելագարվում են այն կեղծ տեղեկություններից, որոնք արագորեն տարածվում են լրատվական կայքերի միջոցով: Ձեր լրատվական կայքերի կողմից ներկայացված ապատեղեկատվությունը ընտանիքի երեխաներին, ընտանիքի այլ անդամներին ու ընկերներին հետագա տրավմա կպատճառի:
Խնդրում ենք թարմացնել Ձեր տեղեկությունները կամ ուղիղ կապի մեջ լինել ընտանիքի հետ՝ ճիշտ տեղեկություն ստանալու համար, քանի որ կեղծ տեղեկությունները ընտանիքին մոտ կանգնած մարդկանց վնասում են:
Կինը ողջ է և շարունակում է մնալ ծանր վիճակում, մենք խնդրում ենք, որ համայնքը նրան հիշի իր աղոթքներում:
Կնոջ հայրը նույնպես կենդանի է և չի ստացել սրտի կաթված:
Խնդրում ենք դադարեցնել այդ վիրավորական լուրերի տարածումը: Ընտանիքի ու ընկերների համար արդեն իսկ անչափ դժվար ժամանակներ են. նրանք կորցրել են սիրելիին: Ընտանիքն ու ընկերները Ձեր կայքերի պնդումների պատճառով ապատեղեկացված լինելու կարիք չունեն: Դա սխալ է ու ոչ տեղին:
Արմեն Սահակյանը կյանքից հեռացել է իր ընտանիքին պաշտպանելով:
Խնդրում ենք ջնջել ապատեղեկատվությունը, կամ թարմացնել Ձեր նորությունների կայքերը ճիշտ տեղեկությամբ: Խնդրում ենք հետագա թարմացումներ անելուց առաջ կապի մեջ լինել ընտանիքի և ընկերների հետ՝ թյուր հայտարարություններից կամ ենթադրություններից խուսափելու համար»: