«Ի՞նչն է զսպում Թուրքիային չներխուժել Հայաստան այնպես, ինչպես ներխուժեց Սիրիա, Լիբիա, Իրաք և Կիպրոս». Ռուբեն Մելքոնյան

Թուրքիան տարածաշրջանում վարում է հստակ ապակառուցողական քաղաքականություն. բավական է հայացք գցել անգամ սառած կոնֆլիկտների վրա և տեսնել, թե ինչպե՞ս է դրանք Թուրքիան կա՛մ թեժացնում, կա՛մ հրահրում։ Տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտներում առկա է թուրքական ներկայությունը՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում ընթացող գործընթացները դրա վառ ապացույցն են, և երբ նայում ենք աշխարհի քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ Կովկասը պետք է լինի թուրքական ապակառուցողական թիրախներից մեկը, իսկ այս տարածաշրջանում իրավիճակի թեժացման ամենահարմար հարցն այդ պետության համար Արցախի հիմնախնդիրն է։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է իր ազդեցության տակ առնել Կովկասը նաև Նախիջևանի պատճառով։

«Նախիջևանում Թուրքիան ունի բավականին լուրջ ռազմական ներկայություն, և այստեղ գործ ունենք մի թնջուկի հետ, որը վերաբերում է Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին։ Նախիջևանը թուրքական բացահայտ հավակնությունների ծիրում է, և այստեղ երկրորդ կարծիք լինել ուղղակի չի կարող»,- ասաց պատմաբանը։

Նրա փոխանցմամբ՝ հենց այս հարցի կարևորությամբ պայմանավորված էլ՝ Ռուսաստանը կազմակերպեց զորավարժությունները, քանի որ զորավարժությունները, բացի ռազմական ենթատեքստ ունենալուց, նաև քաղաքական մեսիջներ են պարունակում։

«Այստեղ չպետք է մոռանալ նաև, որ Իրանը որոշակի պահի կարող է Նախիջևանի հարցում նաև իր շահագրգռվածությունը դրսևորել, որովհետև եթե մենք մի փոքր պատմության մեջ ետ գնանք, կտեսնենք, որ 1932 թվականին Թուրքայի նախագահ Աթաթուրքը համաձայնության է եկել Իրանի հետ՝ տարածքներ է փոխանակել, որով Թուրքիան ցամաքային կապով կապվել է Նախիջևանի հետ։ Այս պայմանավորվածության արդյուքում Իրանը զիջել է 7 կմ տարածք։ Հիմա Իրանում ակտիվորեն քննարկվում է այդ փոխանակումը՝ որպես իրանական դիվանագիտության սխալ, և մինչև հիմա էլ այս հարցն իրական քաղաքականության մեջ շարունակում է մնալ ակտուալ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Հունիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սանձազերծած մարտական գործողություններից հետո հայկական բանակը գրավեց կարևոր բարձունք, և Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ բարձունքի գրավումից հետո թուրք պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ խոսքը լոկ մի բարձունքի մասին չէ, այն ունի աշխարհաքաղաքական և ընդհուպ տնտեսական կարևոր նշանակություն։

«Իհա՛րկե, մենք այդ բարձունքը գրավել ենք նաև հումանիտար նպատակներից ելնելով, որովհետև այդ դիրքերը վերցրել ենք, որպեսզի ապահովենք խաղաղ բնակչության պաշտպանությունը։ Մյուս կողմից՝ այն հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել այդ տարածքով անցնող նավթամուղերը։ Թշնամին եթե չգնա ինչ-որ լարվածությունների, ապա հայկական կողմն իր միջազգային պարտավորութունները չի խախտի և շատ ավելի լավ կպահի այդ գազամուղերն ու նավթամուղերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հայկական Զինված ուժերի գրաված Թովուզի բարձունքն Ադրբեջանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի, քանի որ այդ դիրքի տարածքով է անցնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Ադրբեջանը Վրաստանով Թուրքիային կապող միակ մայրուղին։

Անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան հակամարտությանն ու Կովկասում երկու տերությունների մրցակցությանը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը նշեց, որ տարածաշրջանում, երբ ակտիվացած են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը՝ իրենց քաղաքական շահերով, այս պարագայում որքան էլ մենք մեր հույսը դնենք մեզ վրա և փորձենք պայքարել, միևնույն է՝ դա լինելու է ռոմանտիկ պայքար, որովհետև դժվար է պայքարել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ, որն ունի առաջատար բանակ, դժվար է պայքարել նաև Մեծ Բրիտանիայի ֆինանսական շահերի դեմ, ուստի մեզ պետք է անվտանգային մեխանիզմ, իսկ դա ՀԱՊԿ-ն են և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց ուղղությամբ վերջին երկու տարիների ընթացքում անհասկանալի հարձակումներ են տեղի ունենում՝ Ռուբեն Մելքոնյանի բնորոշմամբ՝ գրանտակեր ՀԿ-ների, ՀԿ-ներից իշխանություն փոխանցված անձանց, հակառուսական տրամադրություններով աչքի ընկնող մարդկանց իշխանության մեջ տեղավորելու միջոցով։

«Թուրքիայի դեմ պայքարելու համար պետք է լինել ավելի մեծ անվտանգային համակարգում, և մենք ունենք. ՀԱՊԿ և ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ, և այստեղ խոսք չի կարող լինել ինքնիշխանության մասին։ Մի հռետորական հարց տամ՝ ի՞նչն է զսպում Թուրքիային չներխուժել Հայաստան այնպես, ինչպես ներխուժել է Սիրիա, Լիբիա, Իրաք, Կիպրոս։ Հարցը ցանկացածն իրեն կարող է տալ ու նայել, թե երբ է Թուրքիան ներխուժել և որքան ժամանակ է, որ Թուրքիան չի ներխուժում Հայաստան։ Իմ հռետորական հարցի պատասխանը մեկն է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք են այս տարածաշրջանում՝ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ՝ մեզ, բայց եթե դրանք պետք են Ռուսաստանին իր կայսերական գերտերության կարիքները բավարարելու համար, մեզ առաջինը պետք է մեր անվտանգության և թուրք-ադրբեջանական սպառնալիքին իրատեսորեն դիմագավելու համար. սա է իրականությունը»,- ասաց թուրքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս