Տերմինալը գողացած ու թալանած երիտասարդներին ոստիկանները հայտնաբերել են․ կան ձերբակալվածներ
Հուլիսի լույս 16-ի գիշերը ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ փոխարինված համարանիշերով «BMW» մակնիշի մեքենայով երեք երիտասարդ Եղեգնաձորի մթերային խանութներից մեկի դուռը բացել ու գողացել են վճարային տերմինալը։ Երևանի բնակիչ երիտասարդները վերցվեցին քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Կազմակերպվեցին դարանակալումներ։
Միջոցառումներին միացան ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Վայքի բաժնի ծառայողները։ Համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում նոր տեղեկություններ ստացվեցին, որ նրանք տերմինալը տարել են Արփի գյուղի տարածք, կոտրել ու միջի գումարը վերցրել են։ Բացի այդ, մեքենայի վրա տեղադրել են իրական համարանիշերը և շարժվել Արենի գյուղի ուղղությամբ։
Այստեղ դարանակալած ոստիկանները բռնել են նրանց ու բերման ենթարկել Եղեգնաձորի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց տերմինալից հափշտակված գումարը։ Տերմինալն ու գողության պահին մեքենայի վրա տեղադրված համարանիշերը ևս հայտնաբերվեցին։
Պարզվեց, որ համարանիշերը գողացել են Վայք քաղաքում կայանված մի մեքենայից։ Բերման ենթարկվածներից երկուսը ձերբակալվել են, իսկ մեկը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային քննչական բաժին։ Քննությունը շարունակվում է։