Մեքենաների կողային հայելիներ գողացած անձը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մեքենաների գողության վերաբերյալ ահազանգեր էին հնչում։ Թիրախը հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներն էին։ Գաղտնի հափշտակությունները օպերատիվ կերպով բացահայտելու նպատակով ակտիվացվեցին գիշերային շրջիկ ծառայությունները։
Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց մայրաքաղաքում բնակվող 24-ամյա մի երիտասարդ։ Կասկածվողը հուլիսի 14-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Քննությանը հայտնի տվյալներով՝ բերման ենթարկվածը գողացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված «Մերսեդես» մակնիշի` չորս, «Տոյոտա» մակնիշի մեկ մեքենայի կողային հայելիները։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները միջոցառումներ են ձեռնարկում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։