Ղազախստանում համալսարանները հեռավար կաշխատեն COVID-19-ի պատճառով
Ղազախստանի քոլեջներն ու համալսարաններն ուսումնական տարին հեռավար ձեւաչափով կսկսեն կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին հայտնել է հանրապետության կրթության եւ գիտության նախարար Ասխաթ Այմագամբետովը:
Հուլիսի 14-ին ավելի վաղ Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը հանդես է եկել նոր ուսումնական տարվա առաջին քառորդում դպրոցականների հեռավար ուսուցման առաջարկության օգտին՝ կապված կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրադրության հետ. այդ առաջարկությունը պաշտպանել է հանրապետության կրթության եւ գիտության նախարարության ղեկավարը:
Տարրական դասարանների աշակերտների համար հնարավորություն կլինի դպրոցներում կազմակերպել հերթապահ դասարաններ՝ հատուկ սանիտարական պահանջներով: «Քոլեջներն ուսումնական տարին կսկսեն հեռավար ձեւաչափով: Ավանդական ձեւաչափը լինելու է անհատական գրաֆիկով՝ արտադրական ուսուցման, մասնագիտական պրակտիկայի կազմակերպման դեպքում՝ հիմնականում առաջին եւ վերջին դասարանների սովորողների համար»,-ասել է Այմագամբետովը՝ հանդես գալով ճեպազրույցում:
Նա նշել է, որ բարձրագույն կրթության գծով ընդունվել է նույնպիսի որոշում. ուսուցումն առավելապես կազմակերպվելու է հեռավար ձեւաչափով: «Ավանդական ձեւաչափը լինելու է անհատական գրաֆիկով՝ լաբորատոր աշխատանքների համար, դոկտորանտուրայի համար, արտադրական ուսուցման համար, մասնագիտական պրակտիկայի համար եւ առանձին մասնագիտությունների գծով»ֆ,-հավելել է նախարարը, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: