Բաժիններ՝

«Նայել, գնացել են, ոչ մի բան չեն ասել». գյումրեցի կինը՝ քաղաքապետարանի աշխատակիցների այցի մասին

«Ստեղ հնարավոր չէ քնել». գյումրեցի Նաիրա Ավետիսյանն արդեն երկու օր  հարևանուհու տանն է գիշերում, իր տունը հուլիս 13-ի հորդառատ անձրևից ու կարկուտից շատ է տուժել: Երեկ մեր նկարահանող խումբն այցելել էր տիկնոջ տուն, այդ ժամանակ Քաղաքապետարանից դեռ չէին եկել, կրած վնասը չէին գնահատել: Այսօր տիկին Նաիրան 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են իրեն:

«Եկել, նայել են, իմ տեխնիկան ամբողջովին փչացել էր, նայել, գնացել են, ոչ մի բան չեն ասել: Ոչ մի բան հլը չեն ասել, որ պտի օգնեն, ընձի մենակ ըսել են՝ քանի հոգի՞ եք, ըսել եմ՝ չորսը անձով ենք, ըսել են՝ չորս հատ մատրաս: Մատրաս ընձի պետք չէ, վերցնեմ, որ ի՞նչ, ես չեմ սիրե ավել բան վերցնել, ինչ-որ վնաս է եղել, թող ըդիգ հատուցեն, մի չորս պատ տան, շնորհակալ կեղնիմ, որ երթամ ընձի համար, թեկուզ լվացնեմ, մենակ չորս պատ տան: Ամեն անձրևի ժամանակ ես կես մարդ կեղնիմ, մինչև էդ անձրևը կկտրի: Ամեն անձրևի ժամանակ, ուժեղ անձրևի ժամանակ մեր տունը ջուր կլցվի, բայց էս անգամ սաղ քանդեց, ինչ ունեի-չունեի՝ փչացրավ, ավիրեց, սաղ ապրուստս ջրի երեսն էր»,- ասաց Նաիրա Ավետիսյանը:

Մեր հարցին, թե իր տունն այլևս ենթակա չէ՞ ապրելու, գյումրեցի տիկինը պատասխանեց.

«Պատերը լրիվ ծակրտվել է, որտեղից որ ջուրը ներս է լցվել, պատերը լրիվ պոկվել են, հոտից կգժվիս, խոլերայի բուն է, կորոնայից կպաշտպանվին, բայց սի խոլերայի բուն է, կոյուղու ջուրը տունը կլցվի: Սաղ մեբելը ավիրվավ, դռները ուռե, տրաքե, երկու ամիս չկա, որ ապառիկով վերցրել էի լվացքի մեքենան ու սառնարանը, օր մի բանըմ հոգայինք, էն էլ վարի գնաց»:

Նաիրա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ որևէ ակնկալիք չունի Գյումրու քաղաքապետարանից, սպասում է՝ տեսնի, թե ո՞վ, ինչո՞վ կօգնի իրեն:

«Անորոշ վիճակի մեջ նստած եմ: Ես ինչքան ուժ ունեցել եմ սքան ժամանակ, ոչ մի համատիրություն, ոչ մի ղեկավարի չեմ դիմե, որ ինչ-որ մե բանով ընձի օգնեն, իմ ուժերիս չափով աշխատել եմ, ամուսինս՝ շինարար, տղես՝ շինարար, երեխես փոքրուց հաշմանդամ է, թոշակը կտրեցին, փող ուզեցին, չունեի, ես էլ 10 անգամ վիրահատվել եմ, չգիտեմ՝ որը ասեմ: Երկու օր է՝ էս անձրևի, ջրի մեջն եմ մնացել, երկու ոտս, երեք երեխուս արևով երդվիմ գը, ոտներս ոչ մի բան չի զգա, թաթերս սառավ, ինձ կթվա՝ ջրի մեջը սառույցը տարավ, ես չեմ հասկնա,  երկու ոտիս ծայրամասերը չեմ զգա: Սնունդս վարի է գնացել, ալյուր, կրուպեղեն, աղջիկս է իրա տնից քիչըմ բան բերե, որ ճաշ եփեմ՝ ուտենք»,- ասաց Նաիրա Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս