«Այն պետք է արդյունավետ օգտագործվի որպես հյուրանոց, քանի որ կառուցված է այդ տրամաբանության մեջ». Նարեկ Բաբայանը՝ Մոնթե Մելքոնյան վարժարանի շենքի մասին

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ  Մոնթե Մելքոնյան վարժարանը պետք է տեղափոխվի այլ վայր, ինչպես որ նախկինում հայտարարվել է:

«Նախ այդ այլ վայրը պետք է համապատասխանեցվի, վերանորոգվի և ստեղծվի համապատասխան պայմաններ, որից հետո այդ շենքը կամ օտարվի, կամ տրվի հավատարմագրային կառավարման: Ամեն դեպքում այն պետք է արդյունավետ օգտագործվի՝ որպես հյուրանոց, քանի որ այն կառուցված է այդ տրամաբանության մեջ»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Նա նաև տեղեկացրեց, որ վարժարանի տեղափոխման ծրագիրն այս տարի չեն հասցնի իրականացնել:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի աշնանը Նարեկ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ վարժարանի տեղափոխման հարցն իրենց օրակարգում է.

«Տեղափոխման հետ կապված եղել է մեկ տարբերակ, որը քննարկել են, սակայն Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներն ուսումնասիրել են և եկել են այն եզրակացության, որ տվյալ գույքը նպատակահարմար չէ այդ նպատակով օգտագործելու համար:

«Հիմա մեկ այլ տարբերակ ենք առաջարկել, ինչը կարծես թե Պաշտպանության նախարարության մեր գործընկերները հավանել են, առայժմ այդ փուլում ենք, եթե առաջ գնա, ուրեմն կարիք կլինի վերանորոգում իրականացնել, որից հետո կլինի տեղափոխումը: Մենք վստահաբար ասում ենք, որ առանց պատշաճ պայմաններ ստեղծելու՝ որևէ տեղափոխություն չի լինելու, բայց տեղափոխությունն օրակարգում է, և այն մնալու է օրակարգում»,- 2019-ի աշնանն ասել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:

Հիշեցնենք նաև, որ Մոնթե Մելքոնյան վարժարանի շենքն օտարելու վերաբերյալ  վարժարանի ղեկավարությունը նախորդ տարի տարածել էր հայտարարություն, որտեղ արտահայտել էր իր մտահոգությունները. «Մեկնաբանելով Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, հարկ ենք համարում նշել, որ Պետգույքի կառավարման կոմիտեից որևէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը չի քննարկել կառույցի գործունեության նպատակահարմարությունը։

Վարժարանը տեղափոխման օրվանից լիովին օժտված է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական և մարզական պայմաններով, շարահրապարակներով, վարժասարքերով և արգելագոտիներով: Որևէ շքեղություն կամ ռազմական ուսումնական հաստատությանը ոչ հարիր երևույթ տեղ չունի մեր դարպասներից ներս»,- նշված էր հայտարարության մեջ:

Դիլիջանում Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի նոր համալիրի բացումը տեղի է ունեցել 2017  թվականի սեպտեմբերի 1-ին: Իսկ վարժարանի պաշտոնական բացումը և սաների երդման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, որը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, սահմանվել է՝ որպես Վարժարանի օր:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս