Արմեն Ավետիսյանի՝ պետությանը նվիրած «Գոլդեն Փելես» հյուրանոցը կդրվի աճուրդի. Հետաքրքրվողներ կան թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից
Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տեղափոխման հարցն օրակարգում է: Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե վարժարանը տեղափոխելու հարցն ի՞նչ փուլում է:
Նրա խոսքով՝ տեղափոխման հետ կապված եղել է մեկ տարբերակ, որը քննարկել են, սակայն Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներն ուսումնասիրել են և եկել են այն եզրակացության, որ տվյալ գույքը նպատակահարմար չէ այդ նպատակով օգտագործելու համար:
«Հիմա մեկ այլ տարբերակ ենք առաջարկել, ինչը կարծես թե Պաշտպանության նախարարության մեր գործընկերները հավանել են, առայժմ այդ փուլում ենք, եթե առաջ գնա, ուրեմն կարիք կլինի վերանորոգում իրականացնել, որից հետո կլինի տեղափոխումը: Մենք վստահաբար ասում ենք, որ առանց պատշաճ պայմաններ ստեղծելու՝ որևէ տեղափոխություն չի լինելու, բայց տեղափոխությունն օրակարգում է, և այն մնալու է օրակարգում»,- շեշտեց նա:
Նա դժվարացավ ասել, թե ինչ ժամկետներում կլինի տեղափոխությունը, սակայն աշխատում են, որ գործընթացը շատ չձգձգվի:
Անդրադառնալով Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցին, որը ՊԵԿ նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը նվիրել էր պետությանը, Նարեկ Բաբայանն ասաց, որ նախապատրաստվում են աճուրդի, և հույս հայտնեց, որ շուտով հյուրանոցն աճուրդով վաճառելու վերաբերյալ կառավարության նախագիծը պատրաստ կլինի և կընդունվի:
Նա նաև տեղեկացրեց, որ հյուրանոցով հետաքրքրվողներ կան, որոնք ապրում են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս, նրանք բոլորը հայեր են:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում
Զվարթ Խաչատրյան