«Առաջնագծում Ադրբեջանի կողմից սադրանքների ու լարվածության առաջացումը ներքաղաքական իմաստով նրանց համար դառնում է վտանգավոր». Արտյոմ Տոնոյան

Արդեն երկու օր է, ադրբեջանական զինուժը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը, իսկ այսօր առավոտյան կրակել են Բերդ համայնքի վրա, որոշ դադարից հետո, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել են նաև համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։
168.am-ի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանն ասաց, որ Ադրբեջանի գործելաոճը, որն արդեն տասնամյակներով տանում է, ծանոթ է հայկական կողմին։

«Ներքաղաքական առումով իրավիճակն Ադրբեջանում այլ է։ Եթե նախկինում կարողանում էին հասնել սահմանային լարվածության և այդ ամենը «մարսել»՝ ներքաղաքական իմաստով, այժմ այլ է վիճակը։ Իրավիճակի լարվածությունը բերում է նաև հասարակության ներսում լարվածության, մարդիկ դուրս են գալիս փողոց, իբրև պահանջելով, իրենց եզրաբանությամբ՝ Ղարաբաղի «ազատագրում», և իբրև իրենք էլ պատրաստ են գնալու առաջնագիծ։ Այս առումով կարծես թե դա առիթ է՝ դուրս գաւ փողոց և լայն մոբիլիզիզացիայի դեպքում ամեն ինչ վերածել հակաալիևյան պայքարի, սա Ադրբեջանի իշխանությունները շատ լավ են հասկանում։ Ամենևին էլ պատահական չէ, որ իրենց ունեցած բոլոր միջոցներով, քարոզչական բոլոր հնարքներով մարդկանց կոչ են անում դուրս չգալ փողոց, որպես հիմնական թեզ՝ օգտագործում են, թե կա ադրբեջանական բանակ։ Ըստ էության, այս պահին ալիևյան վարչակարգի համար խիստ վտանգավոր է այդ միտումը։ Սա այն հիմնական փոփոխությունն է, որը մենք տեսնում ենք, այսինքն՝ առաջնագծում նրանց կողմից սադրանքներն ու լարվածության առաջացումը ներքաղաքական իմաստով արդեն դառնում է իրենց համար վտանգավոր»,- ասաց Արտյոմ Տոնոյանը։

Նա նաև հավելեց, որ երեկ նույն պատճառով Ադրբեջանում ձերբակալվել է Պաշտպանության նախկին նախարարը, որը մարդկանց կոչ էր արել դուրս գալ փողոց և իբրև համախմբվել գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ և պահանջել պատերազմական գործողությունների վերսկսում։ Ընդ որում, այն հոդվածը՝ պետական դավաճանություն, որով մեղադրվում է նախկին նախարարը, նշվում է, որ նման իրավիճակում մարդկանց փողոց հանելը սադրանք է պետության դեմ։

Արտյոմ Տոնոյանը տարօրինակ է համարում, որ այս օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գրեթե չի երևում, քանի որ իրավիճակի հետ կապված բոլոր մեկնաբանությունները տալիս է նախարարության խոսնակը։

«Մայիսի 19-22-ը եղած զորավարժությունների ժամանակ էլ էի ասել, որ այնտեղ ռազմաքաղաքական վերնախավում խորքային ճգնաժամի միտումներ կան։ Ըստ էության, այդ գործընթացների մաս է կազմում Հասանովի պարբերաբար չերևալը, շատերն էին ենթադրում, որ նա կարող է պաշտոնանկ արվել, պետք է սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա։ Ամենևին բացառված չէ, որ նա պաշտոնանկ արվի»,- շեշտեց իրանագետը։

Նա դժվարացավ ասել, թե ստեղծված իրավիճակն ինչ զարգացում և ինչ հանգուցալուծում կարող է ունենալ, սակայն դատելով ներկա իրավիճակից՝ Ալիևի արտաբերած տեքստերից, ներքաղաքական վիճակի վերլուծությունից, Ադրբեջանը ստիպված է գնալու հանդարտեցման։

«Նկատի ունեմ Ադրբեջանի ներքաղաքական վտանգը, որն այս պահին կա երկրի ներսում՝ ուղղված Ալիևի դեմ։ Այսինքն՝ իրավիճակի լարվածությունը, ավելի բորբոքումը նորից բերելու է մարդկանց փողոց դուրս գալուն։ Եթե նախկինում իշխանություններն էին կազմակերպում մարդկանց փողոց դուրս գալը, իբրև ցույցեր էին կազմակերպում Արցախի «ազատագրման» պահանջով, որն ուղղված էր միջազգային կազմակերպությունների դեմ, այժմ նույնը բանն ավելի լայն ու մարդկային մեծ ռեսուրսով կազմակերպում են հակաիշխանական ուժերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Նախիջևանի հատվածում թշնամին ևս գնա սադրանքների, Արտյոմ Տոնոյանը պատասխանեց, որ երեկ ադրբեջանական կայքերն ակտիվ տեղեկատվություն էին տարածում, թե իբրև հայկական կողմը սադրիչ գործողություններ է կատարել Նախիջևանում։

«Եթե չեմ սխալվում, Ջուլֆայի մասով էր խոսվում։ Որքանով ինձ է հայտնի՝ զուտ աշխարհագրական իմաստով, մենք ակնհայտ առավելություններ ունենք այդ հատվածում։ Ամեն դեպքում հավանականությունն ավելի քիչ է այդ ուղղությամբ իրավիճակի սրման»,- եզրափակեց Արտյոմ Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս