«Եթե հարցին լուծում չտրվի՝ կդիմեմ Եվրոպական դատարան». Մահացած զինծառայողի մայրն ակնկալում է նաև միջազգային կառույցների աջակցությունը
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, այսօր որդու լուսանկարով եկել էր Ազգային ժողով։ Տիկին Գոհարին հանդիպեցինք ԱԺ անցակետում՝ սպասում էր, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրեն ընդուներ։
168.am-ի հետ զրույցում Գոհար Ֆերոյանն ասաց, որ դիմում է բոլորին, այդ թվում՝ միջազգային կառույցներին, որպեսզի բացահայտեն, թե ինչու է մահացել իր որդին։
«Ուզում եմ իմանալ, թե ինչու է իմ երեխան զոհվել, ով է նրան սպանել։ 7 ամիս է՝ երեխուս եմ կանչում, բայց նա կողքիս չէ։ Նա իմ մինուճար որդին էր, ասում էր՝ մամա, գնամ ծառայեմ, պարտքս տամ՝ գամ։ Անդրանիկ Քոչարյանը խոստում էր տվել, որ երեխուս վիշտը 24 ժամվա մեջ կհանի, բայց այսօր որևէ մեկն ինձ չի աջակցում։ Նա սկեսրայրիս խոստում տվեց, տղամարդու նման ձեռք ձեռքի տվեցին, բայց որևէ մեկն ինձ չի աջակցել»,- պատմեց զինվորի մայրը։
Նրա խոսքով՝ չգիտի՝ ուր գնա, ինչ անի, նույնիսկ ասում է, որ անհրաժեշտության դեպքում մեքենայի տակ կնետվի և վերջ կդնի իր կյանքին, միայն թե իմանա՝ ինչու մահացավ որդին։
«Եթե հարցին լուծում չտրվի՝ կդիմեմ Եվրոպական դատարան»,- եզրափակեց Գոհար Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում