Բաժիններ՝

«Դեպքի վայրում հայտնաբերվել էր 90 պարկուճ, որից 69-ը կրակված է վիրավորի գնդացրից, 8-ը՝ դիրքի ավագի, 7-ը՝ Արթուրի, իսկ 6-ը՝ մեկ այլ շարքային զինծառայողի». Փաստաբան

Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում  փոխանցեց, որ հարուցված քրեական գործում նոր փաստեր են ի հայտ եկել։

«Փորձաքննությունների եզրակացություններ ենք ստացել՝ թե՛ հագուստների, թե՛ զենքերի պարկուճների վերաբերյալ։ Արթուրի և վիրավորում ստացած զինծառայողի հագուստները հետքերի հետ կապված համեմատություններ են իրականացրել, և որևիցե մեկի հետքը մյուսի վրա չէր հայտնաբերվել։ Սա խոսում է այն մասին, որ նրանք միմյանց հետ վիճաբանություն չեն ունեցել, առնվազն միմյանց չեն քաշքշել։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր 90 պարկուճ, ինչպես որ նախկինում ասել էի, որոնք կրակված են  տարբեր զենքերից։  90-ից 69-ը կրակված է վիրավորի գնդացրից, 8-ը՝ դիրքի ավագի, 7-ը՝ Արթուրի, իսկ 6-ը՝ մեկ այլ շարքային զինծառայողի։ Այս պահին մենք ունենք նման փաստ, որ չորս զենքից է կրակվել, և պահեստատուփերն էլ եթե համադրում ենք, ապա  42  պարկուճ 7 պահեստատուփերից է կրակվել, այսինքն՝ 42 պարկուճ տվյալ օրը կրակվել է։ Մենք եկանք այն եզրահանգման, որ այս օրը փոխհրաձգություն է տեղի ունեցել առնվազն 4 զինծառայողների միջև»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ առաջիկայում այցելելու են դիրքեր, որտեղ փորձարարություն է տեղի ունենալու, նաև ըստ հաստատման՝ հարցումներ են իրականացվելու դիրքի և զորամասի զինծառայողների  շրջանում։

«Տրամաբանական չի լինի, եթե ինչ-որ մեկը կանգնի ու ասի, որ ինքը ինչ-որ հանցագործություն է կատարել, բնականաբար, մենք պետք է ունենանք նաև այլ ապացույցներ, որպեսզի որևէ մեկի արարքին տրվի իրավական գնահատական։ Տվյալ դեպքում սա այնքան էական նշանակություն ունի, որ մենք կարողանում ենք պարզել այն անձանց շրջանակը, ովքեր տվյալ օրը որևիցե մասնակցություն են ունեցել այդ փոխհրաձգությանը։ Եթե մեկը մահացել է, իսկ մյուսը վիրավոր է, ստացվում է՝ մյուս երկուսը պետք է հարցաքննվեն՝ արդեն որպես կասկածյալ, այլ ոչ թե՝ որպես վկա։ Մինչև այժմ քրեական գործով 3 քննիչ է փոխվել և պարբերաբար հարցաքննություններ են տեղի ունեցել, որոնք ընդամենը վկայի կարգավիճակ են ունեցել: Այս պահին փաստերը, որոնք մենք ունենք արդեն հաստատված փորձաքննությամբ, թույլ է տալիս արդեն անձին կասկածյալի կարգավիճակ տալ»,- հավելեց Հայարփի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր։

Անդրադառնալով վիրավորված զինծառայողին, փաստաբանը տեղեկացրեց, որ  կորոնավիրուսի հետ կապված՝ նրան չեն կարողանում այցելել՝ տեսակցությունների արգելք կա։ Սակայն քննիչի միջոցով տեղեկացել է, որ նրա վիճակում դրական տեղաշարժ կա, գիտակցության չի եկել, սակայն, ըստ բժիշկների՝ դրական տեղաշարժ կա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս