«Պարզ է՝ ով է իրենց թիկունքը կանգնած, ով ում մարդն է». Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրը՝ նախկին մարզպետի նոր նշանակման մասին
2019-ի սեպտեմբերին Վայոց ձորում ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. նա գրեթե մեկ տարի կոմայի մեջ է:
«Փոփոխություն չկա, նույն վիճակին է ինքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
Անդրադառնալով միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործին, նա տեղեկացրեց. «Քննչականն իր գործն ավարտել է, գործերը տվել են դատարան, սպասում ենք՝ դատարանից երբ պետք է զանգահարեն, ժամկետի մասին հստակ տեղեկություն չունենք»:
Կարեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այսօր կարդացել է Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին լուրը, ու նշեց.
«Պարզ է՝ ով է իրենց թիկունքը կանգնած, ով ում մարդն է, հիմա էլ կապ չունի՝ Նիկոլն է, ով է նստողը կամ չնստողը. իշխանությունը մնում է իշխանություն, ամեն մարդ՝ իրենը, վսյո»:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն արդեն մոտ 10 ամիս գտնվում է կոմայի մեջ: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Հարություն Գրիգորյանն այժմ կալանքի տակ է, իսկ Զավեն Գրիգորյանը մարտի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։