«Որքանո՞վ է պատշաճ, որ, ըստ կառավարության, նման կարևորության վճիռ կայացնելու նախօրեին ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչը քաղաքավարական այց է կատարում Եվրոպական դատարանի նախագահին». Ռուբեն Մելիքյան
Երեկ factor.am-ին տված իր հարցազրույցի ընթացքում «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել էր. «Երեկ ամբողջ իշխանական էլիտան անհասկանալիորեն ինչ-որ բան էր տոնում։ Այստեղ շատ կասկածելի էլեմենտներ կան։ Հրապարակային տեղեկատվություն կա, և դուք կարող եք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի կայքում տեսնել, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայում բառացիորեն մեկ օր առաջ հանդիպել է Եվրոպական դատարանի նախագահի հետ։ Ի՞նչ են քննարկել էդտեղ։ Դժվար թե քննարկած լինեն Եվրոպայի խորհրդի և Հայաստանի լայն օրակարգի հարցեր»։
168.am-ը Ռուբեն Մելիքյանին հարցրեց, թե լրացուցիչ տեղեկատվություն ունի՞ արդյոք, թե ինչ հանդիպում է, ի վերջո, դա եղել:
«Ես այդ տեղեկատվությունը չեմ հայթայթել: Այդ հանդիպման մասին տեղեկատվությունը պաշտոնական է, հրապարակված իրենց կայքում և ֆեյսբուքյան «Հայաստանը՝ Եվրոպայի խորհրդում» էջում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այդ հանդիպումը, կարո՞ղ էր այն արդյոք կապ ունենալ հայցի ապահովման միջոցի հետ կապված ՄԻԵԴ վճռի հետ, իրավապաշտպանն ասաց, որ իրեն էլ է այդ հարցը հուզում:
«Որքանո՞վ է պատշաճ, որ, շեշտում եմ, ըստ կառավարության, նման կարևորության վճիռ կայացնելու նախօրեին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, չգիտես ինչու, քաղաքավարական այց է կատարում Եվրոպական դատարանի նախագահին: Ես էլ ասում եմ, որ, եթե մենք խոսում ենք ընդհանրապես դատարանների կողմնակալությանը վերաբերող կանոնների մասին, դրանք ոչ միայն նրանք են, որ դատարանը պետք է լինի անկողմնակալ, այլև դատարանը պետք է երևա անկողմնակալ երրորդ անձանց առջև»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:
Վերջինս տարակուսում է՝ որքանո՞վ դատարանը կարող է երևալ անկողմնակալ, եթե նման կարևոր վճիռ կայացնելու նախորդ օրն ընդունում է կողմերից մեկի, տվյալ դեպքում՝ պետության՝ ուժեղ կողմի պաշտոնական ներկայացուցչին:
Հետաքրքիր է, որ Հայաստանի նոր իշխանություններն իրենց վարած քաղաքականության հիմքում, չնայած բարձրագոչ հայտարարություններին՝ ազնվության ու արդարության մասին, այնուամենայնիվ, չեն խորշում կուլիսային ու ոչ կուլիսային հանդիպումներից կարևորագույն իրադարձություններից առաջ:
«Եվ այստեղ խնդիրը ոչ այնքան Եվրոպական դատարանի նախագահն է, այլ ՀՀ վարքագիծը: Այդ ի՞նչ հանձնարարությամբ էին Եվրոպայի խորհրդում մեր մշտական ներկայացուցչին ուղարկել ՄԻԵԴ նախագահին այցի»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ, ըստ հաղորդագրության, այցը կրել է քաղաքավարական բնույթ:
Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 29-ին էլ՝ դատարանների շրջափակումից ուղիղ 9 օր անց, 168.am-ը գրել էր, որ դատարանների շրջափակման նախընթաց օրը երեկոյան, Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության նախկին հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում էին ունեցել Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» սրճարանում, ընդ որում՝ սրճարանի ոչ թե՝ բացօթյա, այլ՝ փակ հատվածում։
Մենք այն ժամանակ հրապարակավ հարց էինք հնչեցրել՝ ի՞նչ կարող էին քննարկել վարչապետի մամլո խոսնակն ու մեր երկրում Եվրամիության գլխավոր պաշտոնյան։ Մենք, թերևս, կարող էինք ենթադրել, որ քննարկում էին հաջորդ օրվա՝ դատարանների շրջափակման օպերացիայի դետալների ու Սվիտալսկու արձագանքի թեման։
Թե ի՞նչ է քննարկվել այս քաղաքավարական այցի ընթացքում, նույնպես, թերևս, միայն իրենց է հայտնի, իսկ հասարակությունն ազատ է ենթադրություններ անել: