Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու քրգործի կարճման եզրակացությունն ունի բազմաթիվ թերություններ. փաստաբան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, կայացավ ՊՎԾ ղեկավարի լիազորությունները դադարեցրած Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու որոշման դեմ երեխայի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունը:

Բողոքը ներկայացնելիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստեց, որ նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի համաձայն՝ հաստատվել է, որ անչափահասին հասցվել է միջին ծանրության վնաս: Փաստաբանի խոսքով՝ կատարվել են նաև մի շարք քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում հաստատվել է վրաերթի ենթարկելու դեպքը, վրաերթի ենթարկող անձն ու այլ հանգամանքներ: ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի մասնագետին պարզաբանման համար առաջարկվել է հարց, թե արդյո՞ք այդ ՃՏՊ-ի պայմաններում վարորդ Դավիթ Սանասարյանը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն ունեցել է, թե՞ ոչ:  Փորձագետը հայտնել է, թե Դավիթ Սանասարյանը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել:

«Փորձագետը նաև գտել է, որ Սանասարյանը պետք է դադարեցներ իր վարած ավտոմեքենայի ընթացքը կամ կանգնեցներ այն այլ արգելակման եղանակով, որպեսզի այն հնարավորություն տար Ղևոնդյանին (երեխային.- Ա.Հ.) դուրս գալ վտանգավոր գոտուց»,- դատարանում հայտնեց Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ եզրակացությունն ունի բազմաթիվ թերություններ:

Տեղեկացնենք, որ փորձագետի հենց այս եզրակացության արդյունքում էր 2020 թվականի փետրվարի 24-ին կայացվել քրեական գործի հարուցումը կարճելու մասին որոշումը, որն էլ փաստաբանը բողոքարկել է:

Բողոքը ներկայացնելիս Տիգրան Աթանեսյանը երկու խումբ հարց առանձնացրեց՝ ելակետային տվյալների (օրինակ՝ տվյալ պահին մեքենայի արագությունը) որոշակի հակասական բնույթը և փորձագետի օգտագործած՝ տասնամյակների վաղեմություն ունեցող գրականությունը:

Անդրադառնալով ելակետային տվյալներին՝ քննիչը հայտնեց, որ բոլոր ելակետային տվյալները տրամադրվել են փորձագետին, ու եթե փորձագետը որևէ հակասություն տեսներ, պետք է որ համապատասխան միջնորդություն ներկայացներ վարույթն իրականացնող մարմնին:

«Իսկ ինչ վերաբերում է գրականությանը, ապա կարող եմ հայտնել, որ գրականությունն օգտագործվում է ամբողջ աշխարհում, ֆիզիկայի օրենքները նույնն ա, ինչ-որ բան չի փոխվել, և արգելակային համակարգը բոլոր մեքենաների մոտ աշխատում է նույն եղանակով»,- դատարանում ասաց քննիչը:

Մեղադրող դատախազն էլ նշեց,  որ և՚ վարույթն իրականցնող մարմնի, և՛ դատախազի որոշումները հիմնավորված են և պատճառաբանված  ու դրանք վերացնելու որևէ հիմք չկա:

Դատարանն այսօր չավարտեց քրգործի քննությունը: Հաջորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին,  կողմերը կկարողանան ամփոփիչ ելույթներով հանդես գալ:

Հիշեցնենք,  որ 2019-ի սեպտեմբերի 12-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չէր ձեռնարկել:

Տեսանյութեր

Լրահոս