«Երբ Ալիևն ասում է՝ գալու եմ, քո մայրաքաղաքը գրավեմ, դու ասում ես՝ այդ մարդը կառուցողական է. դա՞ է կառուցողական մոտեցում». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ Հայաստանի նախորդ և ներկայիս իշխանություններին ուղղված Ալիևի հայտարարության մեջ բովանդակային առումով նորություն չկար:
«Այդ բառամթերքով, քարոզչական թեզերով և ընդհանուր գծի մեջ Ալիևը խոսում է անդընդհատ, և իրականում անհանգստացնում է, երբ սկսում է այդպես չխոսել, որովհետև կոնստանտ իր հոգեվիճակը այդ միլիտարիստական, հայատյաց և նման բառամթերքն է, որն ինքն օգտագործում է: Այստեղ հիմնական մեխը Հայաստանի և՛ ներկայիս, և՛ նախկին իշխանություններին կուտակված առարկությունները ներկայացնելն էր, և ստեղծվեց իրավիճակ, երբ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունների շարքին հայկական կողմից եղավ արձագանք՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և վարչապետի խոսնակից: Նման հայտարարություններով Ալիևն ունի հստակ դրված նպատակ՝ փորձել ֆիքսել մեր թույլ կետերը, թե ինչն է մեր մեջ առաջացնում այն աստիճանի վրոդվմունք, որ մենք իրենց պատասխանենք: Այս վերջին իր հայտարարությանը, որն ամենասարսափելին չէ իր բովանդակությամբ, բայց երբ մենք արձագանքում ենք և սկսում իրար մեջ վիճել, ստացվում է՝ Ալիևն ինչ-որ չափով հասնում է իր նպատակին, այսինքն՝ ինքը ստիպում է, որ մեր ներքաղաքական դիսկուրսի մեջ ինքը դառնա ֆակտոր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ այսինքն` պետք չէ՞ր արձագանքել Ալիևին, նա պատասխանեց. «Դա միանշանակ չէ՝ արձագանքե՞լ, թե՞ ոչ, որովհետև այդ վեճը շատ հաճախ է լինում, օրինակ՝ մեր ԱԳՆ-ն իրենց արձագանքի, թե ոչ, որովհետև Ադրբեջանի ԱԳՆ-ն շաբաթը 5 անգամ ռելիզներ է տարածում մեր թեմայով: Ամեն մեկին պե՞տք է արձագանքել, թե՞ ոչ, և արձագանքելիս ինչպե՞ս դա անել: Որ արձագանքում են Ադրբեջանում հայատյացության և ընդհանուր առմամբ իրենց մոտ դիկտատուրա լինելու վերաբերյալ կոնտենտով, այսինքն՝ հիշեցնելով Ալիևին, թե ով է ինքն այս կյանքում, դա հասկանալի է, բայց այդ դեպքում հետո մեղմացնել հռետորաբանությունը՝ հասկանալի չէ: Որովհետև երբ մեր ԱԳՆ-ն կոշտ ռելիզ է տալիս, հետո վարչապետն Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ պատերազմով սպառնալուց հետո ասում է, որ Ալիևը կոնստրուկտիվ է, այստեղ հանրության մոտ հարցեր են առաջանում՝ իսկ ինչո՞ւմ է այդ կոնստրուկտիվությունը դրսևորվում, եթե իրենք ասում են՝ Երևանը մերն է, պետք է հետ բերենք»:
Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ դա Նիկոլ Փաշինյանի կողմից դիվանագիտական ժեստ է, երբ ասում է, որ Ալիևը կիրթ է և կառուցողական, նա արձագանքեց. «Շատ լավ, բայց տեսեք՝ դա ինչ էֆեկտ է ստեղծում, երբ մարդը քեզ ասում է՝ ես գալու եմ, քո մայրաքաղաքը գրավեմ, դու ասում ես՝ այդ մարդը կառուցողական է. դրանո՞ւմ է արտահայտվում Ալիևի կառուցողականությունը: Դա՞ է կառուցողական մոտեցում, երբ քեզ հակառակորդ երկրի ղեկավարը սպառնում է ոչնչացնել»:
Անժելա Էլիբեգովան չգիտի՝ ինչով է պայմանավորված Ալիևի հանդեպ Նիկոլ Փաշինյանի մեղմ և խնայող վերաբերմունքը. «Միգուցե կա պայմանավորվածություն՝ իրար չխփելու, որն Ալիևն անընդհատ խախտում է, բայց այնուամենայնիվ, հանրության մոտ հարցեր են առաջանում»:
Ադրբեջանի հարցերով փորձագետի խոսքով՝ Ադրբեջանում հասունանում է սոցիալական բունտ. «Տնտեսական ճգնաժամն այնտեղ նույնպես մարդկանց վրա անդրադառնում է, մենք տեսնում ենք՝փոքր-փոքր պայթյուններ տարբեր տեղեր: Այս սոցիալական բունտի թափը կոտրելու ամենալավ միջոցը միշտ ուշադրությունը հայկական կողմ ուղղելն է, և հավանաբար, նաև առաջնագծում սադրանքներ կլինեն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում