«Ժամկետային զինվորական ծառայությունը անձի վիճակը վատթարացնող իրավիճակ չէ». Տիգրան Աթանեսյանը հակադարձում է Փաշինյանի խոսնակին
Երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր կատարել, որում հարց էր ուղղել ՀՀ վարչապետի՝ բանակում չծառայելու մասին:
«1992թ. ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ առաջին օրենքը իրոք նախատեսել է դրույթ, որ երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ:
Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսուցանել է 1991-1995 թթ. ընթացքում և այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից: Այսինքն՝ այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994թթ. ընթացքում գործած նորմը: Ինչևէ, 1995թ. աշնանը, երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն, այդ «երրորդ» եղբոր նորմը եղե՞լ է, թե՞ ոչ, նա 20 տարեկան էր և ենթակա էր պարտադիր զորակոչի: Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչև 2000 թ. գարունը՝ երկրորդ զավակի ծնվելու պահը: Հարց՝ ինչու նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչև 2000 թվականի գարունը: Հարց բոլորին: Ինչո՞ւ չի զորակոչվել, բայց այսօր պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ավելի կարևոր հարց՝ ինչո՞ւ այս հարցը ոչ ոք չի տալիս: Ինչո՞ւ են բոլորը լուռ»,- ասել էր Տիգրան Աթանեսյանը՝ իրր գրառման սկզբում նշելով, որ երբեք չէր ցանկանա այս մասին ինքը բարձրաձայնել՝ հավանաբար նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակին եղել է ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը:
Այսօր Նիկոլ Փաշինյանի խոսնակը մի ծավալուն գրառմամբ փորձել է ներկայացնել վարչապետի՝ բանակում չծառայելու հիմքերը:
«Իրեն իրավունքի բարձրակարգ մասնագետ համարող Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձևակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաև՝ վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ և տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։ Հետևաբար հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում փաստաբանը»,- մասնավորապես գրել էր վարչապետի խոսնակը:
Տիգրան Աթանեսյանին 168.am-ը հարցրեց, թե այնուամենայնիվ, ինչի՞ մասին է խոսում ինքը, և ի՞նչ նկատի ունի վարչապետը, ի դեմս իր խոսնակի վերարտադրած տեքստի:
«Վարչապետի մամլո խոսնակի պատասխանը միայն զարմանք է առաջացնում, էլ չեմ խոսում այդտեղ առկա վիրավորական ինտոնացիաների մասին, բայց դա էլ իրենց խղճին թողնենք»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Վերջինս նշեց, որ, եթե իրոք 1993թ. այդ դրույթն իր ուժը կորցրել է, ապա դա անձի վիճակը վատթարացնող նորմի կարգավորման դաշտում չէ:
«Ժամկետային զինվորական ծառայությունն անձի վիճակը վատթարացնող իրավիճակ չէ, և անձը ենթակա էր զորակոչի ու չի զորակոչվել: Այսինքն՝ ցանկանում էին այլ բան ասել, բայց անուղղակիորեն հաստատեցին իմ ասածները: Նաև շատ ցանկալի կլիներ վերջապես տեսնել վարչապետի զինվորական գրքույկը»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: