Ովքե՞ր են կոտրել «Գոլոս Արմենիի»-ի կայքէջը և ինչո՞ւ. պարզաբանում է խմբագիրը
«Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի կայքէջն առավոտից չի աշխատում: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց խմբագիրը՝ Ֆլորա Նախշքարյանը:
«Սկզբից հնարավոր չէր մտնել կայք, հիմա հնարավոր է, բայց կայքում ոչինչ չկա՝ սրբված է տվյալները, բազաները: Կայքը սպասարկողները փորձում են ինչ-որ կերպ վերականգնել, սակայն ոչինչ դեռ չի ասվում՝ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ հնարավոր չէ: Ի դեպ, ասեմ, որ մեկ ամիս առաջ նույն բանն էր, այսինքն՝ կոտրված էր կայքը: Սա «DDoS հարձակում» չէ, սա ուղղակի կոտրված կայք է: Այն ժամանակ ստացվեց վերականգնել, իսկ հիմա արդեն քանի ժամ է՝ չի ստացվում»,- հայտնեց Ֆ. Նախշքարյանը:
«Գոլոս Արմենիի»-ի խմբագիրը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի բաժնին տեղեկացրել է կատարվածի մասին.
«ԱԱԾ մեր ահազանգից մի երկու րոպե հետո զանգահարեցին, ինչ-որ հեռախոսահամար տվեցին, որպեսզի ես զանգահարեմ: Մինչև հիմա զանգահարում եմ՝ ոչ ոք չի պատասխանում»:
Հարցին՝ խմբագրի կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված տեղի ունեցածը, արդյո՞ք քաղաքական շեշտադրում է տեսնում, նա պատասխանեց.
«Երբ որ զանգահարում էի ԱԱԾ` ուզում էի հարց տալ ու պատասխան ստանալ՝ կատարողներն ինչ-որ խուլիգաննե՞ր են, սաբոտաժնիկնե՞ր են, կամ դրսի՞ց են, որովհետև մենք շատ սուր հոդվածներ ենք գրում և՛ ներսի իրավիճակի մասին, և՛ դրսի, այսինքն՝ մեր «հարևանները» միշտ հետաքրքրություն են ունեցել մեր կայքէջի նկատմամբ և միշտ փորձել են վնասել: Ես ուզում էի խնդրել ԱԱԾ-ին, որպեսզի պատասխան լինի՝ ո՞ւմ կողմից է արված՝ ներսի՞ հետաքրքրվողների, թե՞ դրսի, որովհետև և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի մասին տարբեր հարցերի հետ կապված մենք միշտ տեղադրում ենք լուրջ հոդվածներ, ու դրա համար այսօր ուղղակի չգիտեմ՝ ինչ մտածել»:
Ֆլորա Նախշքարյանը դեռ ակնկալում է պատասխանը ստանալ ԱԱԾ-ից. «Հեռախոսահամարը դեռ չի պատասխանում, ես շարունակում եմ զանգահարել»: