«Ներկայում հյուրանոցներում բնակվում են միայն Երևանից մարզեր և մարզերից Երևան գործուղված բուժաշխատողները». ԱՆ
Ուղիղ մեկ ամիս առաջ հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե որտե՞ղ է բնակվում կորոնավիրուսով հիվանդների հետ առնչվող բուժանձնակազմը, արդյոք նրանց առաջարկվե՞լ է լքել այն հյուրանոցները, որտեղ իրենք ապրում էին համավարակի տարածման սկզբնական փուլում: Հարցրել էինք նաև, թե ո՞վ է ապահովում նրանց սնունդը:
Պատճառաբանելով խիստ ծանրաբեռնվածությունը՝ նախարարությունից պատասխանը ստացել ենք մեկ ամիս ուշացումով՝ այսօր։ Բնականաբար, տրամադրված տեղեկությունը վերաբերում է արդեն ներկա վիճակին:
«Ներկայում հյուրանոցներում բնակվում են միայն Երևանից մարզեր և մարզերից Երևան գործուղված բուժաշխատողները: Վերապրոֆիլավորված բժշկական հաստատություններում աշխատող բուժաշխատողների կեցության և սննդի ապահովումը կազմակերպում է Էկոնոմիկայի նախարարությունը»,- գրված է պատասխանում:
Մենք նաև հարցրել էինք, թե համավարակի տարածման ընթացքում ե՞րբ և որքա՞ն պարգևավճար են ստացել բուժաշխատողները:
«Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` 2020թ. մարտ ամսից Առողջապահության նախարարի հրամաններով վերապրոֆիլավորված բժշկական հաստատությունների, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի, ինչպես նաև ժամանակավոր ստեղծված մեկուսարանների աշխատանքում ընդգրկված բուժաշխատողները պարգևատրվել են ծանրաբեռնված և բարեխիղճ աշխատանքի համար: Առողջապահության նախարարի հրամաններով պարգևատրման ֆոնդերը կազմել են. մարտ` 244 743 465 դրամ, ապրիլ` 206 341 953 դրամ, մայիս` 236 427 187 դրամ: Պարգևատրման հրամաններում ընդգրկվել են նաև տեխնիկական աշխատանք իրականացնող աշխատակիցները:
Պարգևատրումն իրականացվել է Կառավարության պահուստային միջոցներից հատկացված և COVID-19-ի դեմ պայքարի համար հավաքագրված միջոցների հաշվին: Հարկ է նշել, որ մայիսի ընթացքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից թվով 1000 բուժաշխատողի տրվել է 200 000-ական դրամ` որպես ֆինանսական աջակցություն»,- գրված է պատասխանում: