«Ի՞նչն է կատարել ՀՔԾ քննիչ Հ. Մուշեղյանը… որ Սասուն Խաչատրյանը վիրավորվա՞ծ է Ալեքսանդր Ազարյանից». Տիգրան Աթանեսյան
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը:
Նախորդ անգամ Խորհրդի նիստը hետաձգվել էր ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի բացակայությամբ պայմանավորված, ով ընտանեկան խնդիրներից ելնելով՝ ստիպված էր եղել մեկնել Գավառ:
Խորհրդի նիստին ներկա էին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, վերջինիս ներկայացուցիչը, Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և նրա ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը:
Նիստի սկզբում ելույթ ունեցավ դատավոր Ազարյանի ներկայացուցիչը, ով ասաց, որ իր և իր վստահորդի խորին համոզմամբ՝ այս կարգապահական վարույթը բնավ սահմանափակված չէ ինչ-որ դատական նիստի ընթացքում կատարված արտահայտությամբ:
«Այս կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն, ինչն այն, մեր համոզմամբ, դարձնում է անկախ դատական համակարգի նկատմամբ բացահայտ և անթաքույց ճնշման փորձ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ ընդգծելով, որ նախապատմության հիմքում դրված է այն հանգամանքը, որ 2018թ․ օգոստոսին Ալ. Ազարյանն իր վարույթում քննվող կալանավորման մի գործով ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և դրանից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, առանց որոշման տեքստին ծանոթանալու, այդ որոշումն անվանեց ակնհայտ ապօրինի:
Դրան, ըստ Տիգրան Աթանեսյանի, հետևեց վարչապետի հայտնի ելույթը դատավորների մասին:
«Այդ միջադեպից հետո սկսվեց ՀՔԾ-Ազարյան անհասկանալի, օրենքի ոչ մի տառի մեջ չտեղավորվող «մեղադրանքը»»,- նշեց Տ. Աթանեսյանը, որը, նրա պնդմամբ՝ դրսևորվում էր դատավորի վարույթում գտնվող գործերի ժամանակ ՀՔԾ անխտիր բոլոր քննիչների բոլոր դեպքերում ներկայացրած ինքնաբացարկի միջնորդություններով, կանխակալ վերաբերմունքի պատճառաբանությամբ:
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ առկա է պետական մարմնի վրեժխնդրության դրսևորում դատավորի նկատմամբ, ինչը ոչ մի կերպ հասկանալի չէ:
Ինչ վերաբերում է դատավորի պաշտպանվելու իրավունքին, նրա ներկայացուցիչը նշեց, որ արդարադատության նախարարի որոշման մեջ հստակ չէ, թե ինչի մեջ են մեղադրում դատավոր Ազարյանին:
«Նախարարի կայացրած որոշումը իրավական անորոշության օրինակ է, անհասկանալի է՝ ինչի՞ մասին է այդ որոշումը, կոնկրետ ո՞ր արարքը վարքագծի ո՛ր կանոնն է խախտում»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ դիմել է միջնորդությամբ, որպեսզի ապահովվի դատավորի իրավունքի իրացումը, և միջնորդության պատասխանը նույնպես անորոշ է:
Անդրադառնալով բուն միջնորդության բովանդակությանը՝ դատավորի ներկայացուցիչը մեջբերեց Ազարյանի այն արտահայտությունը, որը հիմք էր հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար:
«Ի՞նչ է ասել պարոն Ազարյանը: Նա հստակ ասել է, որ հույս ուներ՝ քննիչը չէր իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէր քննադատի օրինական ուժի մեջ մտած ակտը: Ի՞նչ կա այս ամենի մեջ, որը ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք ինչ-որ մեկի հանդեպ: Եթե ՀՔԾ պետը իրեն թույլ է տալիս կամ հրահանգավորում է իր քննիչներին անպատեհ, անընդհատ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել պարոն Ազարյանին, շարունակ ակնհայտ անհամաձայնություն հայտնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հետ և դրանց հիմքով ինչ-որ մեղադրանքներ կառուցել, ապա շատ նորմալ է, որ դատավորը ստանում է իրավունք՝ իր գնահատականը տալ այդ մոտեցմանը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ խոսքը բոլորովին անձնական վիրավորանքների մասին չէ, այլ ՀՔԾ պետի մասնագիտական ունակությունների, կամ տվյալ դեպքում՝ մոտեցման:
Դատավորի ներկայացուցիչը պնդեց, որ այստեղ խախտում չկա:
Տիգրան Աթանեսյանը նաև նկատեց, որ հաղորդումը ներկայացրել է ՀՔԾ պետը, բայց որպես կատարող՝ նշված է ՀՔԾ քննիչ Հ. Մուշեղյանը:
«Ի՞նչն է կատարել Հ. Մուշեղյանը: Որ Սասուն Խաչատրյանը վիրավորվա՞ծ է Ալեքսանդր Ազարյանից»,- տարակուսեց դատավորի ներկայացուցիչը:
Տիգրան Աթանեսյանի ելույթից հետո Խորհրդի անդամները հարցեր ուղղեցին վերջինիս:
Մանրամասները՝ տեսանյութում