Եվ հնչեց Վերջին զանգը

Շիրակացու ճեմարանում Վերջին զանգը համադպրոցական արարողություն է, որն ընդգրկում է կրթահամալիրի բոլոր կառույցներն ու ողջ համայնքը. այն ամփոփումն է 12 տարիների միասնական և անխոնջ աշխատանքի, մարդ կերտելու, կրթելու դժվարին ճանապարհի, որում իր ներդրումն ունի յուրաքանչյուրը:

Չգրված ավանդույթի համաձայն, Ճեմարանում, որտեղ երբևէ և ոչ մի օր զանգ չի հնչում, առաջին և վերջին անգամ զանգի ղողանջը դառնում է խտացումը ավանդույթների, հույզերի, երախտիքի արտահայտման, հրաժեշտի ու երազանքների՝ ապագան խորհրդանշող:

Յուրաքանչյուր տարի վերջինզանգյան նախապատրաստական աշխատանքները մեկնարկում են վաղ. սաները գրում են սցենարը, մշակում են գործողությունների նախագիծը, իսկ տնօրենությունը փորձում է աջակցել հետաքրքիր գաղափարների իրականացմանը: Այս տարին բացառություն չէր, բայց բացառիկ էր, որովհետև աշխատանքների մեկնարկին զուգահեռ հայտարարվեց արտակարգ իրավիճակ, որն ամբողջովին փոխեց իրադարձությունների ընթացքը:

Ճեմարանում, ինչպես միշտ, անելանելի իրավիճակը ընդունվեց որպես մարտահրավեր, որը պետք էր հաղթահարել և հաղթահարել լավագույն ձևով. չէ որ այս տարին հոբելյանական է՝ Ճեմարանը 30 տարեկան է, իսկ այս տարվա շրջանավարտները հոբելյանական տարվա արտակարգ շրջանավարտներ:

Հունիսի 20-ին բոլորովին այլ ձևաչափով, բայց նույն սկզբունքով հնչեց հոբելյանական տարվա հոբելյանական Վերջին զանգը. 81 շրջանավարտ «Վերջին զանգի» սպասված արարողությունն անցկացրեց վիրտուալ տիրույթում: «Եթե առցանց հարթակում հնարավոր է կազմակերպել ուսումնական գործընթաց, ապա հնարավոր է նաև «Վերջին զանգ» իրականացնել. չէ՞ որ անհնարին ոչինչ չկա, անլուծելի հարցեր չկան»,- վստահ էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

Zoom հարթակը վերածվեց բեմի, որտեղ սաները և՛ դիտորդ էին, և՛ միաժամանակ մասնակից, իսկ ուղիղ հեռարձակումը հնարավորություն տվեց հույզերի տարափը ուղղել բոլորին: Հաղորդավարը, որի դերում հանդես եկավ դարձյալ ճեմարանական Հայկ Պետրոսյանը դարձավ միջնորդ առկա և առցանց հարթակների և էլ ավելի ինտերակտիվ ու հետաքրքիր դարձրեց միջոցառումը:

Ամեն ինչ մտածված էր մանրուքներով. այն ամենը, ինչ սովորաբար յուրաքանչյուր տարի՝ ավարտական վերջին օրվա ընթացքում անում են շրջանավարտները, նրանց փոխարեն իրականացրեցին փոքրիկ զանգակները՝ մանկակրթարանի սաները: Նրանք սիրով շրջեցին Ճեմարանով, իրականացրրին հրաժեշտի բոլոր արարողակարգերը, պարեցին խորհրդանշական վալսն ու անգամ համտեսեցին ավանդական ընկույզի մուրաբան, եղան նաև Ծիծեռնակաբերդում:

Ճեմարանից ուղիղ հեռարձակմամբ, ինչպես ամեն տարի, ուղերձով հանդես եկավ կրթահամալիրի տնօրենը. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ դուք ի զորու եք կառուցելու այն հզոր ինդուստրիալ տերությունը, երկիրը, որը կարող է դիմակայել ցանկացած փորձության, էլ չեմ ասում ինչ-որ մի վիրուսի՝ լինի այն մարդածին, տեխնածին, թե տեղեկատվական, որ այսօր ծնկի է բերել ամբողջ աշխարհը: Երկիր կառուցելու ձեր արդար պայքարում մենակ չեք լինելու, ձեր թիկունքին է միշտ լինելու ճեմարանը, և եթե լինեն դժվարին պահեր, հիշե՛ք, որ ճեմարանը միշտ պատրաստ է ուղղորդել ձեզ: Նաև հիշեք, որ կյանքի բոլոր պարագաներում դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր ընտանիքի և հայրենիքի, այլ նաև ձեր Ալմա Մատեր ճեմարանի առաջ»:

Փառք մեր բոլոր ճեմարանականներին՝ հայրենիքի այսօրվա և վաղվա օրը կառուցողներին… տարիներ շարունակ հնչող խոսքերը ավարտվեցին Ճեմարանի հիմնով, որի երաժշտության ներքո ակնթարթի պես անցան Ճեմարանի 30 տարիների կադրերը:

Ուղերձով հանդես եկավ նաև ավագ դպրոցի տնօրեն Տաթևիկ Նալբանդյանը, շնորհավորական խոսքեր հնչեցին Միջազգային բակալավրիատի և Ռաունդ Սքվեր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, շրջանավարտներին ուղղված կարևոր խուրհուրդներով հանդես եկավ նաև Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնոր Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ծնողական համայնքի ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը և նախորդ տարիների ճեմարանական շրջանավարտներ Հովհաննես Ադոնցն ու Դավիթ Սահակյանը:

Միջոցառման ընթացքում խոսքերը ընմիջվում էին գեղարվետսկան ելույթներով. ուղիղ եթերում հնչեց Ռախմանինով միջին դպրոցի սան Ալեքս Գևորգյանի կատարմամբ, և Պիացոլլա, որը ներկայացրին այս տարվա շրջանավարտ Մարիա Միրզոյանը և երաժիշտ Ռուզան Մկրտչյանը:

Վերջին զանգի կարևոր ավնդույթներից է նաև գիտության ջահի փոխանցումը, որը նույնպես իրականացվեց վիրտուալ՝ որպես լույսի և գիտելիքների շարունակականության խորհրդանիշ:

«Ու հենց այստեղ պետք է ասենք՝ դե գնացինք, պետք է ասենք, որ տանում ենք ձեզնից մի խոսք, մի բառ, մի լույս ու մի հայացք կամ ներշնչանք, գուցե մասնիկ, գուցե հավատ, հավատ, որ կլինենք միշտ առջևում՝ արդար գործի, հավատ, որ մենք կգանք էլի հայրենի տուն, որովհետև գնահատված տարիների հուշը երբեք չի մոռացվում, այլ օրեցօր ավելի է արժևորվում ու վեհանում»` սիրով՝ Ճեմարանի 27-րդ շրջանավարտներ:

 

Տեսանյութեր

Լրահոս