Պատգամավորի զարմանքը հասկանալի է. դժվար է հավատալ, որ կան մարդիկ, ում համար արժանապատվությունը վեր է իր դեմ նետած «թուլափայից»

«Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը, բողոքելով Ազգային Ժողովի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխություններից, ասել է․ «Բոլորս պարտավորություններ ունենք. վարկեր ունեմ, ո՞վ է դրանք փակելու, պիտի ասենք՝ շնորհակալություն, որ հարց բարձրացրիք՝ թոշակը տալու եք, թե ոչ, մնացել է՝ թոշակն էլ մեզ չտաք»։

Պարոն Թոխյանը հավանաբար մոռանում է, որ Ազգային ժողովը, կարևորելով ՍԴ դատավորի սոցիալական երաշխիքները, ընդամենը վեց ամիս առաջ ՍԴ յոթ դատավորների, այդ թվում՝ իր համար, նախատեսել էր կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու համակարգ։

Այն ժամանակ պարոն Թոխյանը չօգտվեց այդ հնարավորությունից, հիմա հարցնում է, թե ով է իր վարկերը փակելու։ Հուսով եմ, որ իր պաշտոնավարման երկար ու ձիգ 23 տարիների ընթացքում՝ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը քննելիս, պարոն Թոխյանը չի առաջնորդվել նույն մտավախությամբ, թե ով է իր վարկերը փակելու»:

Այս տեքստի հեղինակը Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն է, և նա իսկապես զարմացել է, որ ընդամենը 6 ամիս առաջ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Ֆելիքս Թոխյանն արժանապատվություն է ունեցել ու մուրացիկի պես չի օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու ամոթալի առաջարկից:

Իշխող ուժի պատգամավորը զարմացել է նաև, որ ՍԴ դատավորը մտահոգվում է իր վարկերի մասին, բայց մոռացել է, որ այդ մարդը երաշխավորված աշխատանք է ունեցել ևս 6 տարի, և այդ ժամանակահատվածի իր եկամուտների համադրությամբ է միգուցե այդ վարկերը վերցրել:

Կարծում ենք, Արման Եղոյանն էլ նույն խնդիրը կունենա, եթե հանկարծ վաղն արթնանա ու տեսնի, որ էլ ԱԺ պատգամավոր չէ, ու այստեղ իրեն էլ կտանջի այն միտքը՝ բա վարկե՞րս… Այլ հարց է, եթե նա այնքան բարեկեցիկ կյանքով է ապրում այժմ, որ վարկ վերցնելու կարիք չունի:

Տարօրինակ է, բայց Արման Եղոյանը նույն կերպ չզարմացավ, երբ իր գործընկեր Լենա Նազարյանը, ով իր ու մյուսների պես իշխանության էր եկել ժողովրդին ծառայելու նպատակով, հայտարարեց՝ «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում՝ հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»: Եվ ավելացրել՝ ամսական 500 հազար դրամը նախարարի համար քիչ է:

Չզարմացավ, որովհետև ինքն էլ էր միացել Լենա Նազարյանի վրդովմունքին: Ի դեպ, նույն շարքում ԱԺ փոխնախագահն էլ էր ակնարկել վարկերի մասին՝ «Դե բնականաբար, հո իրենց չի՞ անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկը չի անի դա ու չպիտի անի»։

Երբեմնի ակտիվիստ, այսօր արդեն պաշտոնյա իմքայլականները լավ կանեն՝ երբեմն հիշեն իրենց անցած օրերը, ճանապարհը չէ, օրերը, իրենց հնչեցրած լոզունգները, պայքարի պլակատների վրայի գրառումները ու դրանք համադրեն իրենց այսօրվա արտաբերած մտքերի հետ:

Բայց անկեղծորեն հավատում ենք Արման Եղոյանի զարմանքին: Իսկապես, դժվար է հավատալ, որ կան այլ արժեքներ ունեցող մարդիկ:

Տեսանյութեր

Լրահոս