Այս երկու տարվա ընթացքում տեղի չեն ունեցել ուսուցիչների վերապատրաստումներ․ Վահրամ Սողոմոնյան
«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանը կարծում է, որ բավարար ուշադրություն չի դարձվում կրթական համակարգին և հիմա պայքար է տարվում հետևանքների դեմ։
«Խոսում ենք, օրինակ, իրավական համակարգի չգործելու մասին, բայց մոռանում ենք, որ այն ֆակուլտետները, որտեղ կրթվել են այդ իրավաբանները, դեռևս շարունակում են նույն ձևով գործել։ Կուսակցականացում չկա դպրոցներում, բայց մյուս կողմից էլ՝ կառավարման խորհուրդներին ուղղված ուղերձները հստակ չեն։ Այսինքն, մարդիկ, ովքեր ցանկանում են նոր գաղափարներ ներդնել դպրոցում՝ հայտնվում են այլմոլորակայինի դերում։ Եվ այն մշակույթը, որ նախկինում եղել է դպրոցներում, մեծ մասամբ դեռևս պահպանվում է։ Մենք մոտ 380000 աշակերտ ունենք, մոտ 38000 ուսուցիչ․ կարելի է ասել՝ սա պետություն է՝ պետության մեջ։ Եվ, եթե մենք խորամուխ չենք լինում այն խնդիրներին, հովանավորչական երևույթներին, որ դեռևս գործում են այդ համակարգում՝ շարունակում ենք սնել այդ համակարգի արմատը։ Եվ եթե 2-3 տարի հետո հանկարծ նորից անակնկալի գանք, թե այս ինչպե՞ս եղավ, որ մարդիկ նորից վերադարձան հին մտածողությանը, պետք չէ զարմանալ։ Այս երկու տարվա ընթացքում տեղի չեն ունեցել ուսուցիչների վերապատրաստումներ։ Դա այն պահն էր, որ պետք էր հստակ ուղերձներ հղել ուսուցիչներին, թե ի՞նչ ուղղությամբ է գնում մեր համակարգը, և առաջադեմ, ստեղծագործ մտածողությամբ ուսուցիչներին տալ հնարավորություն ինքնադրսևորվելու»,- Մեդիա կենտրոնում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո մեծ թվով երիտասարդ ուսուցիչներ քննություն են հանձնել, հավաստագիր են ձեռք բերել և փորձել են տնօրեն դառնալ։
«Նրանք դիմում են մրցույթի համար, պարզվում է, որ տեղերը բաշխված են, մեկը մարզպետարանից ձայներ ունի, մյուսը՝ համայնքից, մնացած ուսուցիչների ու ծնողների ձայներն էլ գործող կամ նախկին տնօրեններին են պատկանում, և մարդիկ բախվում են արդեն իսկ տեղի ունեցած քվեարկությանը, որտեղ ոչ մի զարգացման ծրագիր դեր չի խաղում։ Պատկերացրեք, թե ինչպիսի հուսալքություն կարող է պատել նրանց, որ ինչ-որ բան փոխելու ցանկությամբ եկել են։ Հին օրենքներն աշխատում են որոշակի տրամաբանությամբ, և դրանք փոխելու համար կարևոր է կոմունիկացիան։ Մենք պետք է նստենք սեղանի շուրջ, բերենք կարող ուժերին, ունենանք հայեցակարգային մոտեցումներ, ոչ թե առանձին օրենքների փոփոխություններ։ Ունենք դեպքեր, երբ անգամ արտակարգ դրության ժամանակ մարդիկ հավաքվել և գնահատականներ են կեղծել, որպեսզի էլեկտրոնային մատյաններում ունենան իրենց ցանկացած գնահատականները։ Գաղտնի, ընդհատակյա Վերջին զանգեր էին կազմակերպում։ Այս պայմաններում, երբ համակարգում ունենք դիմադրող էլեմենտներ, որոնք խորթ են ազատ, ժողովրդավարական հասարակությանը բնորոշ կրթական համակարգին, սա սաբոտաժ է։ Սա ցույց է տալիս համակարգում տիրող արժեքային պատկերացումը»,- ընդգծեց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամը։