Բաժիններ՝

ՀՀ-ում կրտսեր դպրոցն ավարտող երեխաների 30 տոկոսը չի կարողանում կարդալ ու հասկանալ 1-2 պարբերությամբ հասարակ կարճ տեքստը․ Հետազոտող

«Այս երկու տարվա մեջ ավելի շատ տարբեր մտքեր, կարծիքներ են հայտնել կրթությունը Հայաստանում բարեփոխելու մասին, քան որևէ բան արվել է։ Կամ, եթե արվել է, ապա այնքան էլ առայժմ չի երևում, որովհետև ասում են՝ մշակվել են ինչ-որ փաստաթղթեր, աշխատանքներ են տարվել, սակայն այս պահին չենք կարող ասել, որ որևէ ակնհայտ փոփոխության սաղմեր տեսնում ենք»,- «Մեդիա» կենտրոնում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ «Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ է» թեմայով խոսելիս՝ ասաց մշակութային մարդաբան, հետազոտող Լուսինե Խառատյանը։

Նրա կարծիքով՝ բավականին ուշացած են այդ ռեֆորմները, և չգիտեն՝ ինչքան արագ և ինչպես է պետք լինելու աշխատել, որպեսզի այդ ավերակը, ինչպես վարչապետն է ասել՝ ինչ-որ կերպ կարողանան վերակառուցել կամ նոր հիմքերի վրա դնել։

«Ամեն դեպքում, կա նաև ինֆորմացիայի պակաս․ հստակ հասկանալի չէ, թե ի՞նչ ուղղությամբ են գնալու ռեֆորմները, և ի՞նչ փոփոխություններ են արվելու։ Բայց այն, որ մեր կրթությունը շատ վատ վիճակում է, այդ մասին խոսում են թե՛ թվերը, թե՛ այն, ինչին ամենօրյա ռեժիմով բախվում ենք, և այդ պրոֆեսիոնալիզմի պակասը նկատելի է նաև կառավարությունում, այսինքն՝ միայն գաջ քսողների մասին չէ խոսքը»,- ասաց նա։

Լուսինե Խառատյանը նշեց՝ շատ կասկածանքով է վերաբերվում նախարարությունից հնչող ցանկացած հայտարարության, որովհետև առ այսօր չի տեսել որևէ հայտարարությանը հաջորդող ինչ-որ ընթացք կամ էլ ինչ-որ աշխատանք, որ տարվում է, բայց  տեղյակ չեն։

«2018թ․հայտարարվեց, որ «Այբ»-ի ծրագիրը փակվում է, այն այլևս չկա․ հիմա մենք չգիտենք, թե ի՞նչ եղավ «Այբ»-ը։ Ինչ-որ հետազոտություն նախարարությունը կարծես թե արել է, բայց արդյունքներին ծանոթ չենք, չգիտենք, թե ինչ է լինելու։ Արվում է հայտարարություն այն մասին, որ գրագողությունն ամենավատ բանն է, ամեն կերպ պետք է պայքարել դրա դեմ, և երբ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը վերջերս հայտարարեց գրագողության ևս մեկ դեպքի մասին՝ եղան փակ քննարկումներ, հանրությունն այդպես էլ տեղյակ չեղավ, թե ի վերջո խնդիրը ո՞րն էր, չնայած նախարարը հայտարարեց, որ հետաքննություն կլինի։ Այսինքն՝ ես արդեն շատ կասկածանքով եմ վերաբերվում նախարարությունից հնչող ցանկացած հայտարարության, որովհետև առ այսօր չեմ տեսել որևէ հայտարարությանը հաջորդող ինչ-որ ընթացք, կամ էլ ինչ-որ աշխատանք տարվում է, բայց մենք տեղյակ չենք։ Կրթության նոր ստանդարտները շուտով քննարկման կդրվեն, միևնույն է՝ դա մարդկանց մեծ մասի կողմից օժանդակություն չի ունենալու, քանի որ մենք մեզ այդ գործընթացին տեր չենք զգում։ Չնայած բազում փորձերին՝ չենք կարողացել ընդգրկվել, այդ իսկ պատճառով հենց սկզբից դրանք դատապարտված են լինելու ձախողման։ Այս գործընթացում նախարարությունը մեկ խմբի դուրս չի թողել։ Դուրս են մնացել շատ տարբեր  խմբեր, և յուրաքանչյուրը պետք է ընդգրկված լիներ այս գործընթացում, այլապես ձախողվելու է ամբողջ բարեփոխումների ընթացքը»,- ասաց նա։

Անդրադառնալով պրոֆեսիոնալիզմին՝ Լուսինե Խառատյանը նկատեց․«ՀՀ-ում կրտսեր դպրոցն ավարտող երեխաների 30 տոկոսը չի կարողանում կարդալ ու հասկանալ 1-2 պարբերությամբ հասարակ կարճ տեքստը։ Սա խոսում է կրթական համակարգի դեգրադացիայի մասին։ ՀՀ կառավարությունն իր առջև պետք է դնի նպատակ՝ լուծել այս խնդիրը։ Երկրորդն ակադեմիական ազնվությունն է․անընդհատ խոսվում է այս մասին, բայց հստակ քայլեր  և հետևողականություն չենք տեսնում։ Առանց սրանք լուծելու՝ անիմաստ է այլ բանի մասին խոսել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս