«Ապրիլյան դեպքերից հետո ՀՕՊ համակարգերն ուժեղացվել են, բայց չի նշանակում, որ մինչ այս Արցախի օդային սահմանն անպաշտպան է եղել». Վիտալի Մանգասարյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել, մինչդեռ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է՝ ընդգծելով, թե պատահական չէ, որ 2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային:

«Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում՝ ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,- շեշտել է Հարությունյանը:

Հարցին՝ դա կփոխե՞ր զոհերի թիվը, Հարությունյանը պատասխանել է․ «Գիտեք՝ ոչ։ Խոսքը եթե հակաօդայինի մասին է, ապա օդային հարձակում տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, շատ ավելի անպաշտպան: Չեմ ուզում փակագծեր բացել. Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 2016 թվականին: Չեմ ուզում ամբողջ մանրամասներն ասել, բայց այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլև Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Եվ այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում մեծ տեղ է հատկացվել իրենց նշած այդ հին, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են: Բացի դրանից, նոր հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք` ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 1992-1994 թվականներին, երբ հազիվ էինք պաշտպանում, չնայած որ Ստեփանակերտը միշտ բաց էր, և հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից և հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին: Բայց ոչ միայն Ստեփանակերտին, այլև Ղափանին, Գորիսին և այլն: Այսօր մենք ունենք ավելի ապահով օդ, այսինքն՝ ՀՕՊ հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել՝ այդ նույն խնդիրը չի լինի»,- ասել է Հարությունյանը՝ հիշեցնելով ՀՀ ԶՈՒ ավիացիոն հնարավորությունների մասին:

Նախքան 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների օրերին  Ստեփանակերտի, Արցախի օդային պաշտպանվածության խնդրին անդրադառնալը, պետք է նշել, որ մեր ունեցած տեղեկություններով, այո, 1992-ին Ստեփանակերտը, այսպես ասած, բաց էր, և մենք մեր հակաօդային պաշտպանության ձևավորումն ամբողջությամբ ավարտել ենք 1993-ի մարտ-ապրիլին, ինչն արվել է ինքնուրույն:

Ինչ վերաբերում է 2016-ի ապրիլին առնչվող Արցախի նախագահի հայտարարությանը, ապա Արցախի օդային տարածքը պաշտպանում էին «Օսա-ԱԿ»-ն, Ս-125 «Պեչորա» զենիթահրթիռային համակարգը, «Կուբ» տիպի ԶՀՀ-ները, ցամաքային զորքերում կան դյուրակիր ԶՀՀ-ներ («Իգլա», «Իգլա-Ս»), իսկ անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել նաև «Շիլկա»-ներ։ Ավելին, ՀՀ տարածքից կարող են օգնել «Ս-300 ՊՍ» -ները։

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց, որ 2016թ․ ապրիլյան դեպքերից հետո հակաօդային պաշտպանության համակարգերն ուժեղացվել են, բայց ասել, որ մինչև այդ Արցախի օդային սահմանն անպաշտպան է եղել, համաձայնել չի կարող:

«Ապրիլյան իրադարձությունների ժամանակ հակառակորդի օդային հարձակումը բավականին պասիվ դրսևորում է ունեցել, իսկ ակտիվություն ցուցաբերած ուղղաթիռներից երկուսը, ինչպես գիտենք՝ խոցվել է, որից մեկը՝ հյուսիսային ուղղությամբ և հենց ՀՕՊ ստորաբաժանման կողմից։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ակնարկում էր նոր ձեռք բերված «Օսա-ԱԿ»-համակարգերի մասին, որոնցով համալրվել են մեր ՀՕՊ ստորաբաժանումները, սակայն, որքանով տեղյակ եմ, 2016-ի ապրլյան դեպքերի ժամանակ մենք ևս ունեցել ենք «Օսա-ԱԿ» համակարգեր։ Կարծում եմ, նորագույն տեխնոլոգիաների օր օրի զարգացող այս ժամանակահատվածում մենք դեռ շատ անելիքներ ունենք, և եթե 2016-ի ապրիլին մեր ՀՕՊ ստորաբաժանումները կարողացել են ուղղաթիռ խոցել, ապա հնարավոր է, որ, ասենք, վաղն այդ նույն համակարգն այդօրինակ խնդիր չկարողանա լուծել՝ հակառակորդի կիրառած արդի տեխնիկական միջոցների պատճառով։ Այդ իսկ պատճառով պետք է զարգացող աշխարհի հետ համընթաց կարողանանք քայլել և մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների բնագավառում առկա ողջ ներուժն արդյունավետ օգտագործել մեր ռազմական կարիքների համար»,- նշեց Մանգասարյանը:

Ռազմական փորձագետ Վլադ Վարդանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը՝ ասաց, որ «պաշտպանված երկինք», «չպաշտպանված երկինք», սրանք շատ առաձգական հասկացություններ են:

«Խոսքը ոչ միայն դասական հակաօդային կոմպոնենտի մասին է, այլ նաև հակահրթիռային և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների, ինչպես նաև՝ տեսադիտարկման և օդային տարածքի վերահսկողության միջոցների, որոնք մշտապես կատարելագործվում են և արդիականացվում, ինչը կարելի է ասել և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի զինված ուժերի դեպքում: Այս իմաստով, Ստեփանակերտը, ինչպես և ամբողջ Արցախը և ՀՀ-ն այսօրվա դրությամբ առավել լավ են պաշտպանված, քան մինչ այս: Դրա համար էլ դժվար է մեկնաբանել Արցախի նախագահի խոսքերը՝ չունենալով ճշգրիտ բացատրելու, պարզաբանելու հնարավորություն՝ թե՛ տեխնիկական տեսանկյունից, և թե՛ փակագծերը չբացելու, ինչի մասին հենց ինքը՝ Արցախի նախագահը նշեց»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն էլ իր հերթին հավելեց, որ Արցախի նախագահի հայտարարությունը քաղաքական մոտիվներ ունի:

«Քաղաքականապես մոտիվացված հայտարարություն է, որը, ըստ իս, չի արտացոլում իրականությունը: Եթե այդպես լիներ, ապա հակառակորդն ինտենսիվորեն կկիրառեր օդուժ, այն դեպքում երբ հակառակորդի կողմից օդուժի կիրառում գործնականում չեղավ: Իր հերթին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ միջոցների պարզ թվարկումն իսկ հենց միայն բաց աղբյուրների հիման վրա, ցույց է տալիս, որ ամեն ինչ ամենևին էլ այդպես չէ: Իհարկե, մեր բանակը զարգանում է և այն 2020 թ․ բարեբախտաբար ավելի ուժեղ է, քան 2016 թ․, սակայն դա ոչ մի կերպ չի կարող հիմք հանդիսանալ այն թեզի համար, թե 2016 թ․ ՀՀ ԶՈՒ-ի անվտանգային երաշխավորության վրա գտնվող օդային տարածքն անպաշտպան է եղել: Այն, համենայնդեպս, այնքան պաշտպանված է եղել, որ հակառակորդը, ինչպես արդեն նշվեց, գործնականում չհամարձակվեց օդուժ կիրառել: Հիշենք նաև նույն Ապրիլյանի ժամանակ հայկական ՀՕՊ ուժերի հաջող գործողություններն ի դեմս ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ների»:

Հ.Գ. Եթե, ամեն դեպքում, Արցախի նախագահն Արցախի օդային տարածքի պաշտպանվածության առումով խնդիր է տեսել, ապա կարող էր այս մասին ավելի վաղ ասել, և հարցը մտներ Ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքային օրակարգ, ինչպես ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության դեպքում եղավ:

 

Տեսանյութեր

Լրահոս