Շոմբի Շարփը նշանակալի է համարում Հայաստանի քայլերը փախստականներին աջակցություն տրամադրելու հարցում
Հայաստանի կառավարությունը նշանակալի միջոցներ է ձեռնարկել կորոնավիրուսի (COVID-19) համավարակին արձագանքելու գործընթացում փախստականներին աջակցություն տրամադրելու նպատակով։ «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց միջոցառման ընթացքում ողջույնի խոսքում այս մասին նշեց Հայաստանում ՄԱԿ համակարգող Շոմբի Շարփը։
«Ինչպես գիտեք այս տարի էլ մեկ այլ տեսակի համաշխարհային ճգնաժամ է առաջացել՝ Covid-19-ի համավարակը։ Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էր նշել, Covid-19-ը լրացուցիչ սպառնալիք է փախստականների և տեղահանվածների համար, վերջիններս մոլորակի բնակչության առավել խոցելի խմբերն են ներկայացնում, ուստի դիմել ենք իշխանություններին առաջին հերթին համոզված լինելու համար, որ փախստականներին և տեղահանվածներին աջակցություն տրամադրվում է։
Ուզում եմ ընդգծել այն կարևոր փաստը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակալի միջոցներ և կարողություններ է ձեռնարկել և ներդրել Covid-19-ի համավարակին արձագանքելու գործընթացում ևառաջին հերթին փախստականներին և տեղահանվածներին աջակցություն տրամադրելու նպատակով»,- ասաց Շոմբի Շարփը։
Հայաստանում ՄԱԿ համակարգող Շոմբի Շարփի խոսքով՝ աշխարհում մարդիկ ամեն րոպե փախչում են հետապնդումներից, ահաբեկչությունից, պատերազմներից։
«Ավելի քան 80 միլիոն մարդ ամբողջ աշխարհում՝ կանայք, երեխաներ ստիպված են եղել դառնալ փախստական, տեղահանված անձ։ Շատ ավելի ցնցող է այն, որ այդ մարդկանցից 10 միլիոնը վերջին տարվա ընթացքում են թողել իրենց տները։
Հայաստանը փախստականների ընդունելու առումով բացառություն չէ և, ի դեպ, ՄԱԿ-ի գրասենյակը 1992 թվականին Հայաստանում ստեղծվել է առաջին հերթին հենց հարյուր հազարավոր փախստականների ներհոսքի հարցը կարգավորելու նպատակով։
Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ աշխարհը հանձառություն է ստանձնում իր կարողությունների սահմաններում ամենը անելու ՝ մարտահրավերները և հակամարտությունները ավարտին հասցնելու համար։
Այս տարի հիմանական կարգախոսը այն է, որ բոլորի կարծիքը կարևոր է, որ բոլորը կարող են փոփոխություններ անել»,- նշեց Շարփը։