Ոոբերտ Քոչարյանին ազատ արձակելու գրավի չափը կբողոքարկեն միայն դատարանի որոշումը ստանալուց հետո. Պաշտպան
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։
Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։
168.am-ը Ռորբետ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանից հետաքրքրվեց, արդյոք գրավի՝ 2 մլրդ դրամի չափը բողոքարկելո՞ւ են, թե՞ ոչ։
«Այդ մասին որոշում կկայացնենք, երբ որոշումն ամբողջությամբ կստանանք։ Որոշում ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո հնարավոր կլինի այդ հարցին անդրադառնալ։ Դրանից հետո պաշտպանական թիմը կքննարկի և, իհարկե, իր դիրքորոշումը կարտահայտնի»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է այդքան մեծ գրավի չափին, Արամ Վարդևանյանն ասաց, որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունները և այնպես է ստացվել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է միայն գրավի նվազագույն շեմ՝ 500.000 դրամ, իսկ առավելագույն շեմ առհասարակ չի նախատեսում։
«Ամեն դեպքում գրավի չափն իսկապես շատ մեծ էր և այստեղ մի քանի առանձնահատկություն կա, որ կարծում եմ՝ ճիշտ կլիներ նկատի ունենալ։ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա արգելանքը մինչ օրս պահպանվում է, թեև այն ճանաչվել էր իրավունքի խախտում, բայց տեխնիկական որոշակի փաստի ուժով դեռևս պահպանվում է։ Իհարկե, սա գրավի վճարման համար դժվարություններ առաջացնելու էր, ամեն դեպքում սա է իրավիճակը։ Սակայն եկեք ամեն ինչին այն դիտանկյունից նայենք, որ նախագահի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ Քոչարյանն արդեն տանն է և գրավը վճարվել է՝ խոշոր գործարարների և բարերարների աջակցությամբ»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։