Ոստիկանները բռնել են մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներկրած տղամարդուն․նա ձերբակալվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 46-ամյա մի տղամարդ, որը բեռնափոխադրող ընկերություններից մեկում վարորդ է աշխատում, արտերկրից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրում տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Օպերատիվ տվյալների հիման վրա թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ, ձեռնարկեցին հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Հունիսի 16-ին կասկածվողը հայտնաբերվեց Երևան-Աշտարակ ճանապարհին ու, խոշոր բեռնատարով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։
Բեռնատարի զննությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 164 գրամից ավելի քաշով։ Դրանք ուղարկվեցին փորձաքննության։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ փաթեթներում մեթադոն և կոկաին էին։ Նախնական տվյալներով՝ տղամարդը թմրամիջոցները ձեռք է բերել Ռուսաստանում։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։