«Facebook»-ը, «Google»-ը և «Twitter»-ն ամերիկացի օրենսդիրների ուշադրության կենտրոնում են
ԱՄՆ կոնգրեսում անհանգստացած են նախագահական ընտրություններում արտաքին միջամտության նոր սպառնալիքով: Հունիսի 18-ին «Facebook»-ի, «Google»-ի և «Twitter»-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն առցանց լսումների շրջանակում հանդիպել են ամերիկացի օրենսդիրների հետ: Լսումները նվիրված էին նոյեմբերի 3-ին սպասվող նախագահական ընտրություններին արտաքին միջամտության խնդրին:
«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ «Facebook»-ի, «Twitter»-ի ղեկավարության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք չեն հայտնաբերել համակարգված արտաքին միջամտության վերաբերյալ որևէ ապացույց՝ կապված ԱՄՆ-ում քվեարկության կամ վերջին զանգվածային ցույցերի առցանց քննարկման հետ:
Ամեն դեպքում «Twitter»-ի գլոբալ ռազմավարության և զարգացման գծով տնօրեն Նիկ Փիքլզը հայտարարել է, որ սոցիալական ցանցը բախվել է մի իրավիճակի, երբ շահարկումների հարթակից անցում է կատարվել հրապարակային թվիթների, որոնք արվել են պետական օգտահաշիվներից և պետական լրատվամիջոցների էջերից: