Հաստատվեցին գազի նոր սակագները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր շարունակեց քննարկել գազի սակագների վերանայման հարցը: Հիշեցնենք, ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել էր ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկներն էր ներկայացրել, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան նախատեսում էր «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրած հայտով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավիրված նիստի ընթացքում Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացրեց ՀԾԿՀ հաշվարկների համաձայն առաջարկվող գազամատակարարման համակարգի կարգավորվող սակագներն ըստ ծառայությունների տեսակների և սպառողական խմբերի.
Նախ ներկայացնենք հանրության լայն շերտին հետաքրքրող՝ բնակիչ-սպառողների համար առաջարկվող սակագները, հանձնաժողովի օրակարգում այս հարցը երրորդն էր։
Սպառողներին վաճառվող բնական գազի սակագներին անդրադառնալով՝ Ա. Ուլիխանյանը նկատեց, որ, եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2016 թ. 1118 և 1122 որոշումներով ներկայացված առաջարկությունները՝ շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանում։
Հանձնաժողովն առաջարկում է՝
«Բնակչությանը՝ բացառությամբ սոցիալապես անապահով սպառողներին, տարեկան մինչև 600 խմ բնական Գազի սպառման՝ վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ 1000 խմ համար,
Սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ՝ նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար,
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին՝ նոյեմբերի 1-մարտի 31 ժամանակահատվածի համար, և վերամշակող արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն,
մնացած սպառողներին՝ այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար՝ յուրաքանչյուր ամսում՝
ա. մինչև 10.000 խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար
բ. 10.000 խմ գերազանցող բնական գազի համար սահմանել՝ յուրաքանչյուր հազար խմ-ի համար 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սակագին»,- ներկայացրեց ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
ՀԾԿՀ ներկայացուցիչը հավելեց նաև՝ առաջարկվող նախագիծը նախատեսվում է ուժի մեջ դնել 2020թ. հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 օգոստոսի 1-ից:
ՀԾԿՀ քննարկման դրված օրակարգի առաջին հարցով, ինչպես փոխանցեց Աշոտ Ուլիխանյանը, առաջարկում է.
««ՏրանսԳազ» ՍՊԸ-ի կողմից բնական գազի փոխադրման սակագինը սահմանել 7790.832 դրամ՝ 1000 խմ՝ առանց ԱԱՀ, կամ՝ 9348.998 դրամ՝ 1000 խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն, և ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 137 որոշումը: Առաջարկվում ՝ նախագիծն ուժի մեջ դնել 2020 թ. հուլիսի 10-ից:
Օրակարգի երկրորդ հարցով առաջարկվում է սահմանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գազմատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը 23.512 դրամ՝ 1000 խմ՝ առանց ԱԱՀ, կամ 28.214 դրամ՝ 1000 խմ՝ ներառյալ ԱԱՀ:
Բնական գազի բաշխման սակագինը 14248.314 դրամ՝ 1000 խմ՝ առանց ԱԱՀ, կամ 17097.977 դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի մայիսի 31-ի թիվ 138 որոշումը
Առաջարկվող նախագիծն ուժի դնել 2020 թ. հուլիսի 10-ից»,- ասաց ՀԾԿՀ ներկայացուցիչը։
Հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց առաջարկվող օրակարգը: