«Եթե գրավը չհավաքվի, դրա չափի հետ կապված բողոքարկում պիտի լինի». Արամ Վարդևանյան
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց նրան։
Դատարանը որոշեց Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ՝ 2 մլրդ դրամի չափով։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն աննախադեպ համարեց այս օրերի դատական նիստերը՝ նշելով, որ նման ծավալի, բովանդակության դատական նիստ ինքը և իր գործընկերները չէին տեսել:
«Այս ժամանահատվածում առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր, Վերաքննիչ քրեական դատարանում պարոն Ազարյանից հետո քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի հետ կապված: Իհարկե, պետք է նշել, որ 2 միլիարդ դրամ գրավի չափն աննախադեպ է»,- ասաց նա՝ հավելելով, որ մի բան հստակ է՝ տվյալ գործով գրավը պիտի ճանաչվեր թույլատրելի:
Արամ Վարդևանյանն ասաց նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան: «Բայց ես կարծում եմ, որ օբյեկտիվ ցանկացած դիտորդի համար այս մի քանի օրվա դատական նիստերն առավել ակնհայտ դարձրեցին, որ այս գործով կալանավորում չի կարող լինել»,- ընդգծեց փաստաբանը:
Վարդևանյանը վերադառնալով գրավին՝ հատկանշեց, որ այն դատարանի դեպոզիտ հաշվին պետք է փոխանցվի, որից հետո Քոչարյանն ազատ կարձակվի:
Հարցին՝ եթե գումարը չհավաքվի, ի՞նչ պիտի լինի, Արամ Վարդևանյանն արձագանքեց. «Պետք է գրավի չափի հետ կապված բողոքարկում լինի»:
Քոչարյանի պաշտպանն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է ոչ թե՝ պարզապես դատարանի որոշման հիման վրա, այլ՝ հետվիրահատական վիճակում գտնվելու պատճառով:
«Եվ առնվազն, մինչև բժիշկները չգտնեն, որ այլևս նման անհրաժեշտություն չկա, գտնվելու է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում»,- նշեց նա: