«ՀՀ-ում ակտիվորեն բռնապետական ռեժիմ է ձևավորվում». Արման Աբովյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողներին ասաց, որ ներսում իրավական գործընթաց է կատարվում, մանրամասներին չի տիրապետում, և երբ այն մոտենա իր ավարտին, կամ կունենան որոշակի տեղեկություն, կհայտնեն:

«Դատարանից մի ակնկալիք ունենք՝ պաշտպանի  ՀՀ քաղաքացիների շահերը»,- նշեց նա՝ պնդելով, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Աբովյանին այստեղ հիշեցրեցին, որ ընդդիմադիր ուժերն ասում են, որ դատարաններն իշխանության ազդեցության ներքո են, ինչին ի պատասխան՝ պատգամավորը հույս հայտնեց՝ գուցե մասնակի դա այդպես չի:

«Եթե կալանավորման որոշում կայացվի, դա քաղաքական հետապնդումների և տոտալ ճնշումների տրամաբանության մեջ է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ բռնապետական պետությունը երբեք չի հայտարարում, որ ճնշում է գործադրում քաղաքական:

Արման Աբովյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի տան կադրերն իշխանությունները տարածում են, որպեսզի ժողովրդի մեջ ատելություն սերմանեն ԲՀԿ առաջնորդի հանդեպ՝ կարծելով, թե ժողովուրդն այդքան պրիմիտիվ է, իսկ իրենք բնավ այդպես չեն կարծում և վստահ են՝ ժողովուրդը հասկանում է այդ տեխնոլոգիայի նպատակը:

«ՀՀ-ում ակտիվորեն բռնապետական ռեժիմ է ձևավորվում»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս