«Եթե սցենարիստն արդեն գրել է բազում անհաջող տեսարաններ` ֆիլմը փրկություն չունի, եթե նույնիսկ քեզ կեսից միանան օսկարակիր սցենարիստներ». Մհեր Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի նկարագրած պատմության մասին
«Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի, Նառան է՝ վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե՞ եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա՝ կվերցնի. 35 հազար դոլար»,- այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ապա հավելել, որ վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը, և ուղևորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետևել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի:
Նրա այս գրառումից հետո Ազգային ժողովում հետևում է Նիկոլ Փաշինյանի ելույթը նույն թեմայով: Նա հայտարարել է՝ Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա, ապա պատմել է իր կնոջ գրած պատմությունը:
Վարչապետը հայտարարել է, որ նման գործողությունները պետք է բացահայտվեն և ՀՀ օրենսդրությանը համապատասխան որակում ստանան:
Միաժամանակ նա չի բացառել, որ այս գործողությունները կարող են կազմակերպված լինել՝ ինչպես ներհայաստանյան, այնպես էլ՝ արտաքին ուժերի կողմից:
«Իսկ որ հիբրիդային պատերազմներ կան այս ամենի մեջ, դա արդեն ակնհայտ է»,- ասել է նա:
Ավելին, նա հայտարարել է, որ արդեն իսկ հանձնարարական է տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները, պարզելու համար՝ արդյոք այստեղ կապ ունե՞ն օտարերկրյա հատուկ ծառայությունները, նրանց հետ կապ ունեցող շրջանակները և ուժերը, քաղաքական կամ կրիմինալ շրջանակները, որոնք իրենց նեղ շահերից ելնելով` կարող են փողեր ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար:
168.am-ը ռեժիսոր, հայ նորագույն շրջանի կինոպատմության մեջ լավագույններից մեկը հանդիսացող, Արցախյան ազատամարտի մասին պատմող «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանին հարցրեց, թե որպես ռեժիսոր՝ ի՞նչ է կարծում, որքանո՞վ է իրական այս պատմությունը, կարո՞ղ է այն արդյոք, այնուամենայնիվ, սցենար լինել, ու տաղանդավո՞ր է արդյոք սցենարիստը:
«Եթե սցենարիստն արդեն գրել է բազում անհաջող տեսարաններ` ֆիլմը փրկություն չունի: Չունի, նույնիսկ, եթե քեզ կեսից միանան օսկարակիր սցենարիստներ: Դու կնկարահանես վատ ֆիլմ, ու առավելագույնը, ինչ կարող ես անել, «Я так вижу!» ասելն է»,- ասաց Մհեր Մկրտչյանը:
Հարցին, թե այդ դեպքում արդյո՞ք նման ֆիլմերը հանդիսատես ունենում են, և ովքե՞ր են նրանք, ռեժիսորը պատասխանեց, որ այդպիսի ֆիլմերը, ըստ սովորույթի, դիտում են միայն ռեժիսորի ազգականները և մի քանի ծերացած կինոքննադատներ: «Բայց նաև չմոռանանք, որ ամեն ռեժիսոր ունի իրեն պաշտող և, անկախ ամեն ինչից, «Բրավո» գոռացող երկրպագուներ: Նրանց շատ կամ քիչ լինելն ուղիղ կապ ունի հանդիսատեսի` ազգի ընդհանուր մակարդակի հետ»,- եզրափակեց Մհեր Մկրտչյանը: