«Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ կդրվի լրատվական դաշտը կարգավորող օրենք». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ հաճախ են քննարկում տեղեկատվական դաշտում առկա իրավիճակը և այդ համատեքստում հանրային իրազեկման և տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործառույթները:

«Խնդիրն այն է, որ հաճախ այդ կառույցից սպասելիքներն ու ակնկալիքները որոշակիորեն իներցիոն գալիս են նախկինում այդ կառույցի գործելաոճից: Հաճախ, այդ թվում՝ մեզ մոտ, ակնկալիքներ են ձևավորվում, որ այդ կառույցը պետք է լուծի, օրինակ, «ֆեյքերի» հարցը, քանի որ նման ակնկալիքներ տարբեր շահառու կողմերից եղել են, այդ խնդիրը պարբերաբար քննարկել ենք ՊՈԱԿ-ի տնօրենի հետ: Մեր արձանագրումը մնում է հետևյալը, որ այն պետք է մնա իր դե յուրե արձանագրված գործառույթների շրջանակներում»,- ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ն ի՞նչ է անում տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար:
Ինչ վերաբերում է առհասարակ ապատեղեկատվության դեմ պայքարին, Էդուարդ  Աղաջանյանն ասաց, որ օրերս Արդարադատության նախարարի հետ թեմայի վերաբերյալ երկար քննարկում է ունեցել :

«Մենք պայմանավորվել ենք, որ մոտ օրերս, սեղմ ժամկետներում, Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ կդրվի լրատվական դաշտը կարգավորող օրենք: Այն կդրվի հանրային քննարկման, ԱԺ-ում կանցկացվեն նաև համապատասխան լսումներ: Մեր պատկերացմամբ՝  առհասարակ «ֆեյք նյուզի» հարցի լուծման միակ ճանապարհն օրենսդրությունն է և օրենսդրական կարգավորումները: Կրկնում եմ՝ այդ կարգավորումները պետք է անցնեն համապարփակ հանրային քննարկումների միջոցով և հաստատվեն հասարակության ու ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս