«Ֆինանսական ճեղքվածքն օր օրի ավելի է մեծանում». քաղաքացիները՝ արտակարգ դրության հետևանքների մասին
Արտակարգ դրության ընթացքում տնտեսության մի շարք ոլորտներում աշխատանքը սահմանափակված էր, սակայն ոչ բոլորն են օգտվել պետական աջակցության ծրագրերից: 168.am-ի հարցումները պարզեցին, որ, օրինակ՝ տաքսի ծառայություններ մատուցողների աշխատանքը չի դադարեցվել, բայց նրանք ևս տուժել են ու շարունակում են տուժել՝ ծառայությունից օգտվողները քչացել են: Արտակարգ դրության հետևանքները զգացել են նաև Վերնիսաժում առևտուր անողները, թեև նրանց աշխատանքն առավելապես կապված է զբոսաշրջիկների հետ, նրանք էլ չեն ընդգրկվել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ոլորտների աջակցության ծրագրում: Մեր հարցումների ընթացքում հանդիպեցինք նաև մարդկանց, որոնք առանձնապես չէին զգացել կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքները:
«Մենք ո՛չ արտակարգ դրության ընթացքում ենք աշխատել, ո՛չ հիմա ենք աշխատում, նենց չարեց էս վիրուսը, որ կարողանանք աշխատենք, կարողանանք ընտանիք պահենք: Ֆինանսական խնդիրները լուծել ենք պարտքերով, ուրիշ ո՞նց, ոչ ոք չի աջակցել: Երեկ բանկում մուծում եմ ունեցել, ստիպված տարել-մուծել եմ, էլի պարտքով: Անհատ տաքսու վարորդները ժամանակին ունեին լիցենզիա, անհատ ձեռներեցներ ենք եղել, բանկերում խնդիրներ չի առաջացել, իսկ վարչապետի հորդորով, որ չհանձնեինք լիցենզիաները, կընդգրկվեինք պետական աջակցության ծրագրերում: Ոչ մի աջակցություն չենք ստացել: Հիմա նորից լիցենզիայի հարց են բարձրացնում, եթե առավոտից իրիկուն թեկուզ անհատ, թեկուզ օֆիսի մեքենա չի կարողանում իր մինիմալ գազի հարցը լուծել, ուղևոր չկա, շատ ահավոր վիճակի մեջ ենք: Էս կորոնավիրուսը 1989 թվից է, էն ժամանակ երկու ոտքանի վիրուսը մտավ հայ ազգի մեջ ու մինչև հիմա շարունակվում ա: Եթե էս վիրուսն իսկապես էսքան վտանգավոր վիրուս է, դիմակները 20 դրամ էին, ինչի՞ են հիմա դարձել 220 դրամ: Կարող էր, չէ՞, պետությունը վերահսկեր, ժողովրդի մասին մտածելով՝ թողներ նույն գինը, վերահսկեր, որ չավելանա գումարը: Կամ այդքան պարգևավճար են վճարում իմ, ձեր ու մյուսների հաշվին, եթե իրենք ժամանակին չցանկացան շարքային քաղաքացուն գումար տրամադրեն, կարող էին, չէ՞, այդ նույն գումարով, կանգառներում, մարդկանց դիմակ տրամադրեին, ստիպեին, որ տրանսպորտից իջնելիս գցի դիմակը, նորը տային: Հիմա որ նայեք՝ սպիտակ դիմակները սև են դարձել, էլ ի՞նչ առողջապահություն»:
«Աշխատել ենք, ստացել ենք աշխատավարձ, մի կերպ լուծել ենք ֆինանսական խնդիրները: Պետական որևէ աջակցություն այս ընթացքում չենք ստացել»:
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ վարորդը, եթե մի հոգի է, մենակ է, կարող է դիմակ չկրել, ես դիմակս իջեցրած, մենակ՝ առանց պասաժիրի, գալիս էի, ԳԱԻ-ն կանգնացրեց, 10.000 ակտավորեց, ասում եմ՝ ո՞նց, մի խոսքը մյուսին չի բռնում, ասեց՝ ձեր ընտրած Նիկոլն է, ինչ ուզում եք՝ արեք: Հիմա ընդհանրապես ուղևոր չկա, ամբողջ ժողովուրդն ա քյասիբացել, մենակ մեր գործը չի, բոլորի գործն էլ կանգնած ա: Ժողովուրդը բոլորը սև ցուցակներում են, պարտքերի մեջ, չեն իմանում՝ ինչ անեն, փող չունեն, որ հաց առնեն: Օրը 600-1000 դրամով տուն եմ գնում, թոռնիկ էլ ունեմ, հարս էլ ունեմ, վարձով եմ ապրում, ոչ մի բան չեմ հասցնում: Ժողովրդին մենակ կթեն-կթեն-կթեն, էլ ո՞ւր, ասում են՝ բանկերը վարկեր են տալիս, որ միկրոբիզնես սկսեն, ո՞ւր է, չեն տալիս: Դիմել եմ, խաբեցին, ասեցին՝ էս-էս բաներն արա, որ տանք, արեցի՝ չտվեցին, խանութ էի ուզում բացել, չտվեցին: Խաբեց Նիկոլը, շատ մեծ սրտով հավատում էինք, ես էլ անձամբ գնացել, ուրախացել եմ իր համար, խաբեց բոլորիս, ամբողջ ազգին, զրոյացրեց: Ասեց՝ արագաչափերը կհանեմ, չհանեց, ասեց՝ էս կանեմ, չարեց, հիմա էլ ժողովրդին գործ տվող ա սարքել, նկարեք ուղարկեք ԳԱԻ-ին, էդ ի՞նչ ասելու բան է, թող Ոստիկանությունն իրա գործն անի, ԳԱԻ-ն իրա գործն անի, ԿԳԲ-ն էլ իր գործն անի, 29 տարեկան տղուն բերել ԿԳԲ-ի շեֆ ա դրել, նա ո՞նց կարա աշխատի, որ փորձ չունի»:
«Ես աշխատել եմ, որևէ ֆինանսական խնդիրների չեմ բախվել, վարկեր չունեմ, մեր ընտանիքում կան մարդիկ, ովքեր ունեցել են և օգտվել են վարկային արձակուրդից: Պետական որևէ աջակցություն մեր ընտանիքը չի ստացել»:
«Ես դպրոցում եմ աշխատում, մենք օնլայն դասեր ենք արել ու աշխատավարձ ստացել ենք, ամուսինս ևս աշխատում է: Ես վարկեր չեմ վերցրել, նման խնդիրների չեմ բախվել»:
«Վերնիսաժի գործունեությունը մեծապես կապված է դրսի, զբոսաշրջության ծավալների հետ, շատ լավ պատկերացնելով՝ բոլորն այդ մասին խոսում են, քանի- քանի շահառուներ կան, Վերնիսաժը դուրս է մնացել էդ շահառուների ցանկից, մենք լուսանցքային գոտում ենք հայտնվել: Ինչ թույլատրվել է աշխատել, ես չեմ եկել, հիմա էլ բոլոր կանոնները պահում ենք պարետի, բայց մի պարզ բան կա, մենք երկիր ենք ներկայացնում, արվեստ ենք ներկայացնում, ոչ միայն մեր սփյուռքին, այլև օտարազգիներին հաղորդակից ենք դարձնում մեր մշակույթին:
Արտակարգ դրության պայմաններում՝ երեք ամսվա ընթացքում, մենք ոչ մեկս ոչ մեկի կողմից ոչ մի ձևով որևէ աջակցության չենք արժանացել, օրհասական վիճակ է մեզ մոտ: Փորձ ենք անում տեղական սպառողի միջոցով հաց հանապազօրյայի խնդիրը լուծել, բայց եթե այս ձևով շարունակվի, ապա բարոյահոգեբանական մեծ անդունդի առաջ ենք կանգնելու: Նախկին ծիծաղկոտ դեմքերի ոգևորությունից գնալով ոչինչ չի մնում: Օբյեկտիվ պատճառների հետ կարելի է նաև սուբյեկտիվիզմի տարր մտցնել: Ոչ մի ֆինանսական խնդիր չի լուծվում, ֆինանսական ճեղքվածքն օր օրի ավելի է մեծանում: Երբեմն ասում են՝ սրան-նրան քննադատում եք, մենք քննադատական խոսք ենք լսում, ասում են՝ կարո՞ղ եք էդ նույնը դուք անել, ես պատասխանում եմ, որ չեմ կարող, դրա համար ինձ չեմ առաջադրում, ով առաջադրում է նման բարձր պաշտոնի իրեն, ամեն օր քնելուց առաջ պետք է իրեն հաշիվ տա՝ ի՞նչ արվեց, ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց: Հիմա պետք է լսել անգամ հակառակորդի ձայնը»: