Բաժիններ՝

Նոտարում գործարքից հետո քաղաքացին կարիք չի ունենա գնալ կադաստր

Կառավարությունը հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել:

«Այսինքն` որևէ հիմք չկա, որով անձը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել իր մեղքից չկախված հանգամանքներով: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում՝ անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել, եւ դա կադաստրի կողմից հարգելի համարվի եւ պետական գրանցումն իրականացվի:

Հաջորդն այն է, որ հիմա նորտարով վավերացված գործարքը նորտարը կարող է ուղարկել կադաստր, բայց դա հստակ իր պարտականությունների մեջ չի մտնում: Հիմա սահմանում ենք, որ դա իր պարտականությունն է: Այսինքն` անձը նոտարի մոտ գործարքն իրականացնելիս էլ չգնա կադաստրում առանձին գրանցում կատարելու: Բայց եթե անձը չուզի նոտարի մոտ դա անել, կարող է առանձին դիմել կադաստր»,- ասաց արդարադատության նախարարը:

Նրա խոսքով՝ սահմանվում է նաև, որ դրա համար հավելյալ տուրք չի գանձվելու: «Այսինքն` այս փոփոխությամբ գործարքից հետո անձը կարող է չգնալ կադաստր ու այնտեղ ևս մեկ դիմում մուտք անել: Միայն պետք է գնա ու վերցնի իր սեփականության վկայականը»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս