Բաժիններ՝

Մինչև այժմ եղած վարկն այնքան էլ հարմար չէ ՀԱԷԿ-ի գործունեությունը կազմակերպելու համար. վարչապետ

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման աշխատանքների իրականացման վարկավորման հարցում, և աշխատանքներն ավարտելու համար ՌԴ-ից տրամադրվող վարկի մի մասն օգտագործելու փոխարեն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին վարկ տրամադրել ՀՀ պետական բյուջեից:

Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2014 թվականի դեկտեմբերին համագործակցության մասին, իսկ 2015 թվականի փետրվարին՝ վարկի տրամադրման մասին համաձայնագիր է ստորագրվել: Խոսքը  300մլն ԱՄՆ դոլարի մասին է, որից 270 մլն ԱՄՆ դոլարը՝ վարկը, իսկ 30 մլն ԱՄՆ դոլարը՝ դրամաշնորհն է:

Ըստ Պապիկյանի՝ 2018 թվականի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ, կա ժամկետի երկարաձգման խնդիր, և մինչև 2019 թվականը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը, նախարարի խոսքով, 107 մլն ԱՄՆ դոլար է:

«Սակայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար այժմ նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել, և ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ: Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական, գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրի այնպիսի պայմաններով, որն առնվազն չի գերազանցի ռուսական վարկի օգտագործման դեպքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ծրագիրը շատ կարևոր է երկրորդ էներգաբլոկի աշխատանքները պատշաճ ժամանակին ավարտելու համար, նաև տեղեկացրեց, որ  նախատեսվում է աշխատանքների վերահսկման համար ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց՝  արձանագրվել է, որ մինչ այդ տրամադրված վարկն իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար, ուստի կառավարությունը հրաժարվում է  այդ վարկի մի մասից, և փոխարենը՝ միջոցներ են ներգրավվում ներքին աղբյուրներից, որը, ըստ Փաշինյանի, ներգրավվելու է շատ ավելի լավ պայմաններով և մեծացնելու է կառավարության լծակներն այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար:

«Նախկին պայմաններում մենք որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումներ իրականացնելու մասով, թե ումի՞ց է պետք գնումներ իրականացնել, ինչպե՞ս է պետք գնումներ իրականացնել, իսկ այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացը դնել ամբողջությամբ շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն էականորեն ավելի ցածր, հույս ունենք նաև, որ որակի առումով էլ առնվազն չեն զիջի այն ապրանքներին, որ մենք ձեռք էինք բերում նախկին պայմաններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա նաև էներգետիկ անվտանգության ապահովման խնդիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս