Փաշինյանի իշխանության ավարտական փուլը
Այն քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ապացուցում են, որ Հայաստանում այսօր գոյություն չունի կոնկրետ կառավարող շրջանակ, ավելին՝ հաստատում է ընդդիմադիրների այն պարզ քննադատությունը, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է կառավարման գործընթացը։
Հետևելով զարգացումների քրոնիկոնին՝ ակնհայտ է դառնում, որ նա վերջին երկու օրերին ահավոր նյարդային վիճակում է, և այնպիսի տպավորություն է, որ ցանկացած պահի կարող է դիմել ծայրահեղ քայլերի, մանավանդ թիմում այնքան վախեցած են, որ չեն համարձակվում նրան անգամ որևէ կերպ հակադարձել ու առարկել։ Տարբեր դավադրապաշտությունների կոմբինատոր Նիկոլի համար իրավիճակն ամբողջությամբ պատային է, քանի որ նա դադարել է վստահել որևէ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին, անգամ՝ ամենահավատարիմներին։
Քաղաքական դաշտում ընդդիմադիր սեկտորի ակնհայտ քննադատությունն ու տեղի ունեցող վերադասավորումները, որոնք էլ ավելի հաճախակի բնույթ են կրում և տարբեր բևեռների միացման ուրվագծեր նշմարում, Փաշինյանի մոտ առաջացրել են ամբողջովին ցուգցվանգային իրադրություն, որից դուրս գալու համար նա արդեն իսկ ձեռնամուխ է եղել տարբեր իրավիճակային լուծումների ու պաշտոնանկությունների։
Եթե հաշվի առնենք, որ երկրում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 13000-ի սահմանը, իսկ մահացել է արդեն 211 քաղաքացի, ապա տրամաբանական կլինի այն մոտեցումը, որ Փաշինյանը համաճարակից դուրս գալու և այն կանխելու ելքեր է փնտրում, սակայն իրականում նա ընդամենն առիթն օգտագործում է՝ սեփական իշխանության կյանքը որոշակիորեն երկարացնելու նպատակով։
Համաձայնեք, որ կառավարման ճգնաժամ է, երբ իրեն հեղափոխական հռչակած ուժը ստանալով իշխանության կարևորագույն երկու լծակները՝ գործադիր և օրենսդիր, չի կարողանում ողջ արդյունավետությամբ օգտագործել դրանք երկրի սոցիալ-տնտեսական բարեփոխումներում ներառական փոփոխություններ իրականացնելու հարցում։ Նոր իշխանավորները եկան իշխանության՝ չունենալով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ոչ միայն՝ լուրջ ծրագիր, այլև՝ հայեցակարգ։ Այդ պարագայում ակնհայտորեն տիրում էր իրավիճակային կառավարում։
Այսօր տեղի ունեցած մի շարք իրադարձություններ վկայեցին այն փաստը, որ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը և շարժվում է զուտ ինտուիտիվ՝ իներցիայով։
Ժամեր առաջ իրենց զբաղեցրած պաշտոններից միանգամից ազատվեցին ՀՀ ուժային համակարգի ղեկավարները։ Մասնավորապես՝ պաշտոններից ազատվեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ոստիկանապետ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Նրանց փոխարեն այդ պաշտոններին նշանակվեցին՝ համապատասխանաբար՝ Արգիշտի Քարամյանը, Վահե Ղազարյանը և Օնիկ Գասպարյանը։
Տեղի ունեցող նշանակումները վկայում են այն մասին, որ ակնհայտորեն Փաշինյանը կոնկրետ ներքին անհանգստություն ունի քաղաքական երկրի ներսում տեղի ունեցող զարգացումների հետ կապված, և ընդհանուր ստեղծված իրավիճակից ելնելով՝ կոնկրետ իր անձի անվտանգությանն ուղղված քայլեր է ձեռնարկում։ Կարելի է եզրակացնել նաև, որ նա իր այս բոլոր գործողություններից բխող՝ առաջիկայում ինչ-որ քայլեր է որոշել ձեռնարկել և կարծում է, որ դրանք հակահարվածի կարժանանան, ուստի նախապես ուժեղացնում է իր դիրքերը։
Ավելին՝ այս ամենը հուշում են այն մասին, որ ներհայաստանյան իրականության մեջ նոր ու կտրուկ զարգացումներ ու ռեպրեսիվ գործընթացներ են սկսվելու, քանի որ սեփական «օգտագործման» ԱԱԾ-ի և ոստիկանության շնորհիվ Փաշինյանը կդառնա դասական ավտորիտար կառավարիչ, որոնք, սակայն, բավական կարճ ու անփառունակ ավարտ են ունենում։ Կարող ենք արձանագրել, որ Նիկոլի կողմից Քարամյանի և Ղազարյանի նշանակումն իրավիճակային լուծումներ են, և ուղղակիորեն ճակատագրական նշանակություն են ունենալու նրա քաղաքական ապագայի համար (ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հարցն այլ կոնտեքստ ունի, սա տարանջատենք ԱԱԾ նոր տնօրենի և Ոստիկանապետի նշանակումներից)։
Ամփոփելով՝ նշենք, որ սա, ըստ ամենայնի, Փաշինյանի իշխանության վերջին փուլն է, որը կառավարական ճգնաժամից աստիճանաբար և բավականին արագ վերածվեց քաղաքական ճգնաժամի, իսկ այս ողջ քաոսի տրամաբանական հանգուցալուծումը մեկն է՝ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժարական ներկայացնի։
Արմեն Հովասափյան