Որքան շուտ Հայաստանը սկսի աջակցություն ստանալ Վրաստանից, այնքան դրական կլինի համավարակի հաղթահարման տեսանկյունից․ փորձագետ

Վերջին օրերին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության շեշտակի տարածման տեմպերն անհանգստացնում են հարևան Վրաստանին և վրաց հասարակությանը։ Եվ ուշագրավն այն է, որ այս անգամ արդեն Հայաստանին աջակցելու առաջարկ է հնչեցվում ոչ միայն իշխանությունների, այլև հասարակության, առանձին քաղաքական գործիչների և ուժերի կողմից, թեև մեկ շաբաթ առաջ նման առաջարկով էր հանդես եկել Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։

Ներկայումս Հայաստանում գլուխ բարձրացրած առողջապահական խնդիրները քննարկվում են երկու երկրների իշխանությունների միջև տարբեր մակարդակներում։ ՀՀ-ին աջակցելու առաջարկով էր հանդես եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան, ինչպես նաև «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն՝ կոչ անելով հանուն կովկասյան համերաշխության՝ օգնել Հայաստանին: Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։

Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատել աջակցություն ցուցաբերելու՝ Վրաստանի կառավարության պատրաստակամությունը: ՀՀ իշխանությունները չեն բացառում, որ ինչ որ փուլում կդիմեն այլ երկրների՝ աջակցության նպատակով։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168am-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանում չեն կարող անտարբեր հետևել նրան, թե ինչպես է վիրուսը տարածվում Հայաստանում և խնդիրներ առաջացնում առողջապահական համակարգում։

Ըստ նրա՝ ողջ աշխարհը մի քանի օրինակով արդեն ականատես է դարձել, թե ինչպիսի ճգնաժամերի կարող է հանգեցնել կորոնավիրուսային համավարակը։
«Վրաստանի կողմից առաջարկը, կարծում եմ, ինչպես հումանիտար, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական նշանակություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի հարաբերություններ ունի Վրաստանն Արևմուտքի և Հայաստանի հետ։ Հասկանալով, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանը, Արևմուտքը նաև Վրաստանի միջոցով է ցանկանում աջակցել Հայաստանին։ Բայց սա նաև զուտ վրացական առաջարկ է, կարծում եմ՝ հաշվի առնելով մեր եղբայրական հարաբերությունները։ Վրաստանի ռեսուրսները մեծ չեն, բայց Վրաստանը կարող է օգտակար լինել։ Արդեն իսկ փորձի փոխանակում ընթանում է, Վրաստանը կիսվում է իր ոչ բացասական փորձով, ոմանք դա հաջող փորձ են որակում։ Ըստ իս, որքան շուտ Հայաստանը սկսի աջակցություն ստանալ Վրաստանից, այնքան դրական կլինի համավարակի հաղթահարման ընդհանուր գործի տեսանկյունից։

Կարծում եմ՝ Վրաստանի դեպքում քաղաքական սահմանափակումներ Հայաստանը չունի, և վարանել չի կարելի։ Վրացական խողովակով Հայաստանին կարող է աջակցություն հասնել նաև Արևմուտքից։ Սա չափազանց կարևոր եմ համարում ներկայումս մեր ողջ տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի համար, որն ունի փակ սահմաններ, կենսական նշանակություն ունի բոլոր երկրների համար տրանսպորտի, հաղորդակցության վերականգնումը, կարևոր է տնտեսության զարգացումը, տուրիզմը և այլն։ Հասկանում ենք, որ նախկին իրավիճակին և զարգացման տեմպին վերադառնալ դեռ չենք կարող, բայց կարող ենք մինիմալիզացնել կորուստները՝ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնելով, հատկապես, երբ Վրաստանից առաջարկներ են հնչում բոլոր մակարդակներից՝ թե՛ իշխանական, թե՛ հասարակական, թե՛ քաղաքական և փորձագիտական։ Երևի թե, Հայաստանը ցանկանում է այն հաղթահարել բացառապես իր ուժերով, այսինքն՝ կցանկանար, բայց սա անկանխատեսելի ու անվերահսկելի իրավիճակ է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս