«Արսեն Թորոսյանն ական է՝ դրված Ձեր աթոռի տակ, պարո՛ն վարչապետ. ազատվե՛ք». պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյան

Կորանավիրուսով վարակակիրների թիվը դեռ մեկ-երկու շաբաթ էլ այս տեմպով կշարունակվի, ցուցանիշները բարձր կլինեն, որից հետո նոր կսկսվի վարակակիրների թվի նվազում, իսկ ինչ վերաբերում է պարետի որոշմամբ պարտադիր դարձած դիմակների կրմանը, ապա պետք է հստակ մարդկանց ասել, որ այն դիմակները, որոնք համատարած կրում են, դրանք ոչ թե վարակի, այլ բակտերիայի դեմ են։

Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախկին գլխավոր պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը։

«Նախ՝ առողջապահության նախարարն ասաց, որ դիմակն առհասարակ օգուտ չի տալիս, ես այդ ասածի հետ համաձայն եմ, որովհետև այն դիմակները, որոնք համատարած կրում են, դրանց տուփերի վրա գրված է, որ այդ դիմակը ոչ թե վիրուսի, այլ բակտերիայի դեմ է։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ իշխանությունն ասաց նաև, թե քաղաքացիները կարող են ինքնաշեն դիմակներ կրել։ Կարծում եմ՝ պետք էր դեռ երկու ամիս առաջ սկսել դիմակների արտադրություն և ժողովրդին պարզապես բաժանել, իսկ ինչ վերաբերում է վիրուսի դեմ դիմակներին, ապա դրանք արժեն ոչ թե՝ 200-300 դրամ, այլ՝ 1000 դրամ»,- ասաց Աղաբեկյանը։

Անդրադառնալով Առողջապահության նախարարության ամեն օր հրապարակվող մահվան ցուցանիշներին՝ Աղաբեկյանը նկատեց, որ, ըստ իր վարած վիճակագրության, Երևանում ամեն օր նախկինում մահանում էր 25-30 հոգի։

«Հիմա մեզ մոտ այս մահերը որ ներկայացնում են, որևէ մեկի դեպքում չենք կարող ասել, թե ինչից է, քանի դեռ դիահերձում չի կատարվել։ Օրինակ՝ Ռուսաստանը և Իտալիան հրաժարվեցին ԱՀԿ-ի՝ դիահերձում չկատարելու պահանջից, ու նրանք արդեն կարողանում են հստակ ասել, թե մահը ինչի պատճառով է վրա հասել, դրան գումարած՝ կարողանում են նաև գիտություն զարգացնել։ Կրկնում եմ՝ մարդը վիրուսից չի մահանում, այդ վիրուսը կարող է բերել առկա հիվանդությունների սրացման, ու մարդ մահանա կամ սիրտ-թոքային անբավարարությունից, կամ երիկամային անբավարարությունից և այլ հիվանդությունից։ Կրկնում եմ՝ կորոնավիրուսից մարդ չի մահանում»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը՝ նշելով, որ սովորաբար մահացությունը շատանում է գարնան ամիսներին, հետևաբար՝ երբ ամեն օր լսում ենք հրապարակված մահվան ցուցանիշները, պետք է հարցնել՝ ինչի՞ց են մահացել այդ մարդիկ։

Կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի հարցում Առողջապահության նախարարության իրականացվող քայլերը Գարիկ Աղաբեկյանը համարում է ուշացած, իսկ նախարարության աշխատանքը՝ անբավարար։

«Նախարարն էլ չէր իմանում, թե կորոնավիրուսն ինչ է, և, հետևաբար՝ ինչպես պայքարենք դրա դեմ, բայց դրա համար մենք բժշկական համալսարանում ունենք մասնագետներ, ամբիոններ, կարելի էր բոլորին հրավիրել, չէ՞ որ մենք էլի ենք ունեցել համավարակներ, կարելի էր տվյալ ժամանակաշրջանների նախարարներին հրավիրել։ Սակայն դա չարվեց»,- ասաց Աղաբեկյանը։

Դիտարկմանը, որ երեկ Երևանի պետական բժշկական համալսարանում կազմակերպվել էր քննարկում համալսարանի տարբեր մասնագետների հետ, Գարիկ Աղաբեկյանն ասաց.

«Այո՛, բայց ինչո՞ւ այսքան ուշ, դա դեռ մեկ-երկու ամիս առաջ էր պետք անել, ինչո՞ւ այսքան ուշ։ Վատն այն է, որ Առողջապահության նախարարությունն ու բժշկական համալսարանն իրար մեջ վեճ ունեն, բայց պետք է կոչ անեմ՝ դնել այդ վեճը մի կողմ և ձեռք ձեռքի տված աշխատել»։

Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը նաև հարց ուղղեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին.

«Պարո՛ն նախարար, 3 ամսից ավելի է՝ այս վիրուսով տառապում է հայ ժողովուրդը, դուք պրոտոկոլ ստեղծե՞լ եք, թե այդ հիվանդին ի՞նչ բուժում պետք է նշանակեք, ե՞րբ պետք է նշանակեք, և ե՞րբ եք հասկանում՝ հիվանդը լավացե՞լ է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ չկա, որովհետև եթե լիներ, հիմա առողջապահության նախարարը դա դրոշակ էր դարձրել։ Պետք է արագ դա ստեղծել, և եթե քաղաքացին մարզից է, Երևան չբերել, այդ պրոտոկոլը տալ մարզային բժիշկներին և ասել, թե ինչպես պետք է վարվել հիվանդի հետ։ Ասում են՝ անտիբիոտիկ են տալիս, բայց անտիբիոտիկը վիրուսի դեմ անզոր է։ Այդ պրոտոկոլը ստեղծելու համար պետք էր նաև միջազգային գործընկերների հետ խորհրդակցել»։

Բժշկի համար անհասկանալի է նաև, թե ինչպե՞ս է Առողջապահության նախարարությունն օգտագործելու մահճակալներով կահավորված մարզահամերգային համալիրը։

«Ստացվում է՝ վարակված հիվանդներին դնելու են մի մեծ սենյակում, ո՞նց են մարդկանց բուժելու համալիրում։ Անհնար է։ Ես իմաստը չեմ հասկանում այդ ամենի»,- ասաց Աղաբեկյանը։

Գարիկ Աղաբեկյանի գնահատմամբ՝ առողջապահական համակարգը գտնվում է մի մարդու վերահսկողության ներքո, որն ընդհանապես բժիշկ չէ և ունի միայն դիպլոմ, և ոչ ավելին։

«Ես մեր վարչապետին մի քանի անգամ դիմել եմ, ևս մեկ անգամ կդիմեմ։ Պարոն վարչապետ, մեր երկրի Առողջապահության նախարարը չի ապահովում մեր հասարակության առողջությունը, Ձեզ համար Արսեն Թորոսյանն ական է՝ աթոռի տակ դրած, ազատվեք ականից, և սա ոչ միայն իմ, այլ անվանի մասնագետների, պրոֆեսորական կազմի կարծիքն է»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս