«Սահմանում կա՝ պահանջարկների բավարարումը գործող ռեսուրսների համապատասխան, իսկ մեր ռեսուրսներն անսահմանափակ չեն». ՀԾԿՀ անդամ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի սակագները վերանայելու հայտի շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, անդրադառնալով գազի սակագների բարձրացման մասին հայտ ներկայացնելու վերաբերյալ իրենց որոշմանը՝ նշեց, որ թեմայի շուրջ հանրությանը խեղաթյուրող ամենատարբեր մեկնաբանություններ են հնչել:
Նա ներկայացրեց ընկերության ծախսերը՝ հիմնավորելով սակագնի բարձրացման անհրաժեշտությունը:
«2019 թ. հունվարի 1-ի դրությամբ, երբ Հայաստան ներկրվող գազի գինը դարձավ 165 դոլար, 255-ով ենք վաճառել ու վաճառում մինչև այսօր. Ինքներս միասին հանենք այս երկու թվերից, կստանանք 90 դոլար:
Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը՝ որպես բարեխիղճ-պարտաճանաչ հարկատու՝ դրան համապատասխան 40 և ավելի միլիարդ դրամ տարեկան կտրվածքով, մենք վճարում ենք բյուջե. Համարվում ենք այս պահի դրությամբ առաջին հարկատուն:
Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա»-ին մնաց ընդամենը 47 դոլար, որից մոտ 12 դոլարը կորուստն է, մնաց 35 դոլար, այդ 35 դոլարից 19 դոլարն աշխատավարձն է, ուրեմն մենք միասին ֆիքսում ենք՝ շահագործում, մաշվածություն, շահույթ՝ ամեն ինչ միասին՝ 16 դոլար ընդամենը «Գազպրոմ Արմենիա»-ին. Գերշահույթնե՜ր, չգիտեմ…. Մենք ընդհանրապես շահույթ չենք էլ ունեցել: Այդ մեծ թվերը ֆիկցիա են, և մարդիկ դա հայտնում էին խեղաթյուրելով,- ասաց Հրանտ Թադևոսյանը՝ հավելելով, որ
բոլորի խնդիրն է՝ հավասարակշռել սպառողների և մատակարարի շահերը,-
Մենք այսօր քաղաքականությունից այն կողմ ենք և ուզում ենք հասկանալ ճիշտը՝ կոնկրետ բիզնես… ինչպիսի գազ, ինչպիսի որակ և ինչպիսի գին»:
Անդրադառնալով ՀԾԿՀ-ին ուղղած առաջարկներին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահը հայտնեց.
«Տասը տարվա կտրվածքով առաջարկում ենք ունենալ միջին մարժան՝ մոտ 60 միլիարդ դրամ, որի հետ կապված՝ մենք կփորձենք իրականացնել նաև զուգահեռ 230 միլիարդ դրամի ներդրում, որով նախատեսվում է գազատարային համակարգը ներկա վիճակից բերել միջազգային ցուցանիշներին գոնե մոտիկ»:
ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը քննարկման ժամանակ ներկայացրեց գործող մեթոդների և նորմատիվների վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ դրանք մշակող մարմինը, համաձայն օրենսդրության՝ հանդիսանում է «Գազպրոմ Արմենիան»:
«Մի պարզ պատճառով, որ մասնագիտական միակ կառույցն էլ հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է: Այսինքն՝ այսօր այն նորմատիվները, որոնք մշակված են և որի հիման վրա ընկերությունը հայտով պահանջում է այդ թվերը, մշակվել է իրենց կողմից: Վստահ եմ, որ ընկերությունն ուզում է ունենալ իդեալական համակարգ, չունենալ ընդհատումներ և որևէ խնդիր իրենց համակարգում, բայց, ցավոք սրտի, տնտեսագիտության սահմանում կա՝ պահանջարկների բավարարումը գործող ռեսուրսների համապատասխան, իսկ մեր ռեսուրսներն անսահմանափակ չեն:
Եթե ունենայինք նման հնարավորություններ, գուցե նորմատիվներով ամբողջությամբ կտայինք,- ասաց ՀԾԿՀ անդամը, իսկ ներդրումների վերաբերյալ առաջարկին անդրադառնալով՝ նկատեց,- Նախատեսվում է աննախադեպ մեծ ներդրումային ծրագիր՝ 200 միլիարդի՝ համակարգն ամբողջովին նորացնելու կամ համապատասխանեցնելու միջազգային ցուցանիշներին, այս պարագայում՝ նորմատիվները, որոնք երբևէ չեն աշխատել, սակագնի հաշվարկի հիմքում դնելը համարում ենք աննպատակահարմար»:
«Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչը չհամաձայնեց Աղինյանի այն դիտարկման հետ, թե նորմատիվները մշակվում են «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից:
«Մեր մասնագետները երբեք իրավասու չեն ինչ-որ թիվ հաշվարկել. օգտվել են աշխարհում գործող գրականություններից, ոչ թե նստել ենք, մեթոդիկա ենք հորինել, ուղղակի ֆիքսենք՝ անկախ նորմատիվներ են»,- հակադարձեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչը։
Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցության հիմնադիր Վազգեն Սաֆարյանն էլ առաջարկեց ներդրումները հետաձգել հաջորդ տարիներին.
«Այս տարի մեզ մոտ շատ ծանր տնտեսական տարի է լինելու: Դրա համար դա, ինչքան հնարավոր է՝ կարելի է հետաձգել, որպեսզի տնտեսությունն ադապտացվի իրավիճակին»:
Հ. Թադևոսյանը հակադարձեց. «Հետաձգում ենք՝ հետո դառնում է մեծ բեռ, որի տակից ոչ ոք չի կարող դուրս գալ: Իսկ վաղը կարողանալո՞ւ ենք, իսկ 20 տարի ի՞նչ էինք անում. անընդհատ սպասում ենք, որ վաղը հրաշք է լինելու»:
Վազգեն Սաֆարյանը հայտարարեց, որ օրերս ՀԽ-ում քննարկում է կազմակերպվելու, և խնդրեց, որ ՀԾԿՀ-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից ներկայացուցիչներ մասնակցեն։