«Հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը». ՀԾԿՀ աշխատանքային քննարկում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ու  «Տրանսգազ» ՍՊԸ-ն 01.04.2020թ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էին ներկայացրել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտեր, որոնք հանձնաժողովի աշխատակազմն արդեն ուսումնասիրել է։ Այսօր կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ուսումնասիրության արդյունքները ներկայացվեցին շահագրիռ կողմերին։

Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն անդրադարձավ գնագոյացմանը՝ ներկայացնելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մարժայի կառուցվածքը.

«Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկած 47,89 ԱՄՆ դոլար 1000 խմ մեծությունը կարելի է տարանջատել հետևյալ բաղադրիչների՝ առաջինն աշխատավարձի գծով ծախսն է՝ 14,75 ԱՄՆ դոլար կամ ընդհանուր մարժայի 30,8 տոկոսը, շահագործման և պահպանման մյուս ծախսերը՝10.22 ԱՄՆ դոլար կամ մարժայի 21,3 տոկոսը, մաշվածությունը՝ 9,24 դոլար կամ մարժայի 19.3 տոկոսը, կատարված ներդրումների մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկվող շահույթը՝ 16,49 դոլար կամ մարժայի 34,4 տոկոսը, և գազի փոխադրումից ստացվող եկամուտը, որը բացասական նշանով 2,77 ԱՄՆ դոլար է կամ 5,8 տոկոսը»:

Ըստ Աշոտ Ուլիխանյանի՝ եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը: Նա նկատեց՝ հաշվի են առնվել նաև կառավարության 2016 առաջարկությունները և որոշվել է շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ.

«Հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը՝ բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝139000 դրամ 1000խմ-ի համար, սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600խմ բնական գազի սակագինը նույնպես թողնել անփոփոխ՝ 100հազար դրամ 1000խմ-ի համար, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31 ընկած ժամանակահատվածի համար, և վերամշակող արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մնացած սպառողներին՝ այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար՝ առաջինը՝ ամսական մինչև 10000 խմ շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ 1000 խմ մետրի համար, և ամսական տասը հազար խմ-ն գերազանցող բնական գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար 255.92 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սակագին»:

Ի դեպ, Աշոտ Ուլիխանյանը նկատեց՝ բնական գազի սակագների ներկայիս վերանայման գործընթացին զուգահեռ՝ գազամատակարարման համակարգում սակագնային քաղաքականությունն առաջիկա տասը տարիների համար ավելի կանխատեսելի դարձնելու և կորուստների կրճատման, ծախսերի օպտիմալացման համար խթանիչ մեխանիզմներ ներդնելու նպատակով լրամշակվել է սակագների հաշվարկման գործող մեթոդիկան: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, տեղադրվել է նաև edraft.am կայքում:

Տեսանյութեր

Լրահոս