Ո՞վ և ինչո՞ւ է ցանկացել Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում տեղադրել «ժուչոկներ». Նախարարության խոսուն պատասխանը
168.am-ն օրեր առաջ տեղեկություն ստացավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար (ԱՆ) Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում ցանկացել են տեղադրել գաղտնալսող սարքեր՝ «ժուչոկներ», ինչը տեխնիկական-համակարգային որոշ խնդիրների պատճառով թերևս չի հաջողվել:
Գրավոր պաշտոնական հարցում ուղարկեցինք ԱՆ` ցանկանալով նախ ստուգել լուրի իսկությունը, ապա հարցրել էինք` արդյո՞ք նախարար Բադասյանը որևէ փոփոխություն նկատել է իր նախարարական աշխատասենյակում կամ հանգստի սենյակում:
Մինչ ԱՆ պատասխանը հրապարակելը ներկայացնենք մեր ամբողջ տեղեկատվությունը:
Նախարար Ռուստամ Բադասյանը և Պետական վերահսկողական ծառայության պետի` արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար, այժմ արդեն՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի տեղակալ, 29-ամյա Արգիշտի Քյարամյանը տարեկիցներ են և մինչ 2018թ. թավշյա իրադարձությունները և դրանից հետո որոշ ժամանակահատված՝ մտերիմ ընկերներ, համակուրսեցիներ:
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը վերջերս՝ մայիսի սկզբին, 12 ժամվա ընթացքում մեկը մյուսին հաջորդող նախանձելի պաշտոնների նշանակվեց: Նախ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից, և մեկ այլ որոշմամբ նշանակվեց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ, այնուհետև շատ արագ ազատվեց ՔԿ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ: Ընդ որում, ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնը ստեղծվել էր ապրիլի 30-ին և, ըստ մամուլի հրապարակումների, հենց Քյարամյանի համար: Ի դեպ, ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց ընդամենը 3 ժամ առաջ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի կարգավիճակում Factor.am-ի հետ զրույցում Քյարամյանը խոստովանել էր, որ բացարձակ տեղյակ չէ, թե ինչո՞վ է զբաղվելու ՔԿ-ում։ Ավելին՝ նաև նշել էր, որ դեռ ՊՎԾ-ում է. «Բացարձակ տեղեկություններ չունեմ: Ես դեռ ՊՎԾ-ում չեմ ավարտել, դեռ բավականին գործեր կան: ՊՎԾ-ն հանձնենք, նոր, դա նորմալ է, ինչն է խնդիրը»։
Թերևս տեղին է ընթերցողին հիշեցնել Արգիշտի Քյարամյանի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո ստանձնած պաշտոնները.
2018 թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ:
2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:
2019թ. փետրվարի 15-ից աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:
2019թ. մարտի 1-ից աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:
2019թ. ապրիլի 10-ից աշխատել է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
2019թ. ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:
2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
2020թ. մայիսի 5-ին նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ:
ՀՀ Արդարադատության 29-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել հեղափոխությունից հետո՝ 24.05.2018թ. և աշխատել մինչև նախարար նշանակվելը՝ 19.06.2019թ:
Երբ Բադասյանը նշանակվում է նախարարի պաշտոնում, ըստ մամուլի հրապարակումների, Արգիշտի Քյարամյանը նեղ շրջանակներում ասում է, որ շատ ուրախ է Ռուստամ Բադասյանի նշանակմամբ, քանի որ իր թիկունքն ամրացել է: Ըստ տեղեկությունների՝ հենց Բադասյանն է Նիկոլ Փաշինյանին միջնորդում, որպեսզի Քյարամյանը ՊԵԿ-ում պաշտոն ստանձնի:
Կրկին հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել, երբ 2018-ի ապրիլի 23-ին Փաշինյանը բերման էր ենթարկվել Երևանի Էրեբունի վարչական շրջանից: Իսկ մինչ այդ, 2015 թվականից մինչև 2018-ի մայիսը,նա աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան, ավագ իրավաբան և գործընկեր: Մասնագիտացած է հարկային իրավունքի և տնտեսական հանցագործությունների ոլորտում:
Ի դեպ, ընթերցողը թերևս հիշում է, որ ՀՀ ՊԵԿ աշխատակիցները 2018թ. օգոստոսի 15-ին խուզարկություններ էին անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գրասենյակում: Խուզարկությունների ընթացքում առգրավվել էին փաստաթղթեր, ստուգվել էին աշխատակիցների անձնական իրերը, ՀԿԵ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` 9,7 մլն դրամի չափով հարկեր չվճարելու փաստով: Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել էր շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում: Ըստ մեր աղբյուրների՝ այդ օպերացիան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գրասենյակում կոորդինացնում էր հենց ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ Արգիշտի Քյարամյանը:
Ապրիլի 21-ին, ի դեպ, պատահական չէր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արձագանքելով Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը, հիշատակել էր ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները:
«Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան»,- ասել էր Լավրովը, միաժամանակ հավելելով` «դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում»:
Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»:
«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- ասել էր Լավրովը Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ:
Լավրովի այդ հայտարարությունից հետո Քյարամյանը, որը ԱԱԾ համակարգի հետ որևէ առնչություն երբևէ չի ունեցել, 2020թ. մայիսի 5-ին նշանակվեց ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ:
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ ԱԱԾ փորձառու աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով անթույլատրելի և պատվից ցածր են համարում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ, ով նման ուժային կառույցում աշխատելու որևէ փորձառություն չունենալով՝ ոչ ավել, ոչ պակաս նշանակվել է առաջին տեղակալի պաշտոնում: Ավելին, մենք նաև տեղեկացրել էինք, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, չի ստորագրվել: Իհարկե, ԱԱԾ-ն հերքեց մեր տեղեկությունը, ինչը նաև սպասելի էր:
Ի դեպ, բոլորովին պատահական չեն նաև իշխանական և մերձիշխանական որոշ գործիչների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրապարակային դժգոհությունները Ռուստամ Բադասյանից:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վերջերս անդրադառնալով Փաշինյանի և Բադասյանի՝ դատական համակարգի փոփոխությունների, վեթինգի գործընթացի մասին քննարկմանը, հայտարարել էր.
«Այս ոլորտում սա հեղափոխության պարտությունն է, և հակահեղափոխության հաղթանակ»։
Ըստ Բաբաջանյանի՝ Բադասյանի ներկայացրած վեթինգը ձևական բնույթ ունի։ Նախարար Բադասյանի պնդմամբ՝ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։
«Ինչո՞ւ է Արման Բաբաջանյանը պահանջում Ռուստամ Բադասյանի հրաժարականը» հարցի պատասխանի իր տարբերակը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Այն, որ Արման Բաբաջանյանը Վահե Գրիգորյանի մամուլի խոսնակն է, գիտեն բոլորը։
Այն, որ սրանց համար ամեն ինչ պտտվում է ՍԴ-ի շուրջը ու սրանց գործողություններն այս փուլում ևս պայմանավորված են այդ հարցի լուծմամբ՝ դա ևս։
Հիմա բարդ խնդիր. Ո՞վ կարող է ասել, թե ինչ պատահեց, որ հեղափոխականներից ավելի հեղափոխական Բաբաջանյանը սկսեց պահանջել Բադասյանի հրաժարականը ու ի՞նչ կապ ունի դրա հետ Վահեի ու նշված սուբյեկտի միջև տեղի ունեցած խորհրդավոր հանդիպումը։ Ասեմ, որ «Վեթթինգը» հեչ կապ չունի։
Հ.Գ. Խորհուրդ կտամ սկզբի համար դիտել Տիգրան Եգորյանի կողմից մի քանի օր առաջ «1in.am»-ում տրված հարցազրույցը, շաատ քիչ, բայց պղտոր պղպջակներ այդտեղ էլ կգտնեք»:
Հրաժարականի պահանջի շքերթին միացավ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ում համար անհասկանալի էր Բադասյանի այն հիմնավորումը, թե համատարած վեթինգը ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, այսինքն՝ լրացուցիչ ժամանակ, այն դեպքում, երբ դատական համակարգի մաքրման մասին խոսվել է հեղափոխությունից անմիջապես հետո։
Խոստացված վեթինգի չիրագործումը քննադատեցին քաղհասարկության 6 կազմակերպություններ՝ տեղի ունեցածը համարելով ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից:
Այս ամենը՝ ի գիտություն՝ հետագա զարգացող դեպքերին և խնդրի արտաքին քաղաքական կողմին հետևելու համար:
Վերադառնալով մեր տեղեկությանը՝ գաղտնալսող սարքերի տեղադրման մասին
Ըստ մեր աղբյուրների՝ վերջին շրջանում խիստ վատացել են Ռուստամ Բադասյանի և Արգիշտի Քյարամյանի հարաբերությունները: Պատճառները դեռ վերջնականապես հայտնի չեն: Փոխարենը շատ սերտ են Բադասյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները: Ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հարաբերությունները բավական լարված են։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցներից շատերը, այդ թվում՝ Ավինյանը, հասկացել են, որ Փաշինյանը և գործող իշխանությունը կորցրել է իր ընտրողների մեծ մասի վստահությունը։ Թե՛ Տիգրան Ավինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը, և այլք փորձում են ամրապնդել սեփական դիրքերը, իշխանության ներսում ձևավորել սեփական միկրո-թիմերը։ Միրզոյանը մի կողմ է քաշվել՝ փորձելով չխառնվել և պատասխանատվություն չստանձնել երկրում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական և համավարակային տապալված քաղաքականության համար, իսկ Ավինյանը, որպես պարետ, չի կարող իրեն թույլ տալ հեռու մնալ այդ գործընթացներից:
Փաշինյանը, ըստ հրապարակումների, ծանր է տանում Ավինյանի դիրքերի ամրապնդումը ու ամեն բան անում է, որպեսզի ցույց տա, որ ինքն է առաջնային դեր կատարում երկրում.
Սա է պատճառը, որ Փաշինյանը հաճախ հայտնվում է ուղիղ եթերում և խոսում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, այն դեպքում, երբ համավարակի դեմ պայքարի աշխատանքների համակարգումը դրված է պարետատան վրա և ի պաշտոնե այդ մասին պետք է խոսի պարետ Տիգրան Ավինյանը։
Ի՞նչ պատասխանեցին Արդարադատության նախարարությունից
Թե հատկապես ո՞ր գերատեսչությունը կարող է որևէ նախարարի աշխատասենյակում գաղտնալսող սարքեր՝ «ժուչոկներ» տեղադրել, գաղտնիք չէ: Հայտնի է բոլորին:
ԱՆ-ին հղված պաշտոնական գրությամբ հարցրել էինք`
«Հարգելի պարոն Բադասյան 168.am-ի տեղեկություններով՝ վերջերս Ձեր աշխատասենյակում փորձ է արվել գաղտնալսող սարք տեղադրել: Արդյոք Դուք որևէ փոփոխություն նկատե՞լ եք Ձեր աշխատասենյակում կամ հանգստի սենյակում»:
Արդարադատության նախարարությունից, սակայն, մեր հարցումից օրեր անց տեղեկացրեցին, որ իրենք չեն արձագանքելու մեր հարցմանը: Այլ բացատրություն կամ պատճառաբանություն չտրվեց: Ոչ հերքվեց, ոչ հաստատվեց: Ասացին՝ այդպես էլ գրենք, որ իրենք չեն արձագանքելու մեր հարցմանը: